Ամերիկյան խոշորագույն ներդրող, մուլտիմիլիարդատեր Ուորեն Բաֆեթը հայտարարել է, որ այլևս մտադիր չէ նվիրատվություններ կատարել Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսի բարեգործական հիմնադրամին։ Այս մասին հուլիսի 15-ին գրում է բրիտանական Financial Times (FT) թերթը։
Գործարարն իր ամենամյա նվիրատվությունների ստացողների ցանկից հանել է Gates Foundation կազմակերպությունը։ Այսպիսով, Գեյթսի բարեգործական հիմնադրամը կզրկվի 6 միլիարդ դոլարից։
Բաֆեթը հայտարարել է, որ ութ տարվա ընթացքում նախատեսում է բոլոր միջոցներն ուղղել ընտանեկան չորս հիմնադրամներին։ Պարբերականի տվյալներով՝ Գեյթսի կազմակերպությունը նվիրատվություններ ստացողների ցանկից հանվել է այն բանից հետո, երբ մի շարք բացահայտումներ են եղել սկանդալային ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ Գեյթսի ունեցած կապերի վերաբերյալ։
95-ամյա Բաֆեթի՝ Գեյթսի հիմնադրամի հետ համագործակցությունից հրաժարվելու մասին հունիսի 30-ին հայտնել էր նաև The Wall Street Journal թերթը։ Նշվում էր, որ ներդրողն առաջին անգամ 20 տարվա ընթացքում չեղարկել է Microsoft-ի հիմնադրի բարեգործական հիմնադրամի կանոնավոր մասհանումը, քանի որ վերջինս ներգրավված է եղել Էփշտեյնի գործով սկանդալում։
Էփշտեյնի գործով նյութերը սկսել են հրապարակվել 2025 թվականի դեկտեմբերի 20-ից, այն բանից հետո, երբ նույն տարվա նոյեմբերի 19-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է դրանց գաղտնազերծման մասին օրինագիծը։ ԱՄՆ նախկին գլխավոր դատախազ Փեմ Բոնդին փետրվարի 14-ին հրապարակել է ավելի քան 300 հայտնի մարդկանց անունների ցանկը, որոնք հիշատակվում են ֆինանսիստի գործով նյութերում։ Մասնավորապես նշվել է, որ տեքստում առկա են ԱՄՆ 42-րդ նախագահ Բիլ Քլինթոնի, 46-րդ նախագահ Ջո Բայդենի, Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսի, ինչպես նաև երգչուհի Բեյոնսեի ազգանունները։
Source: https://news.am/hy/news/1049918