Ուկրաինայի Անօդաչու համակարգերի ուժերի (ԱՀՈՒ) դրոնները սկսել են Սև ծովում ռուսական տրանսպորտային նավերին համակարգված հարվածներ հասցնելու արշավը՝ Ազովի ծովի ջրատարածքում վերջին ինը օրում 116 տանկեր և այլ նավեր թիրախավորելուց հետո։ Այս մասին հայտարարել է ԱՀՈՒ հրամանատար Ռոբերտ «Մադյար» Բրովդին։ Հարձակումներն իրականացվում են «ՄոԼոՉԿա» հատուկ գործողության շրջանակում, որի նպատակն է կտրել բռնակցված Ղրիմի մատակարարումը Ռուսաստանի տարածքից։

«Մադյարի» խոսքով՝ միայն հուլիսի 15-ի գիշերը Սև ծովում ԱՀՈՒ անօդաչուներն հարվածի են ենթարկել ռուսական 20 նավ, որոնցից 17-ը՝ նավթատար տանկերներ, երկուսը՝ գազատար տանկերներ, ևս մեկը՝ քարշակ նավ։ Գերատեսչության ղեկավարը խոստացել է հարվածները հավաստող տեսանյութերը հրապարակել ավելի ուշ։ Ուկրաինական «Supernova» մոնիտորինգային ալիքը հաստատում է գիշերվա ընթացքում «առնվազն յոթ» տանկերի և այլ նավերի թիրախավորման փաստը։ Նշվում է, որ գործողությանը մասնակցել է անօդաչու համակարգերի 412-րդ առանձին «Նեմեսիս» բրիգադը։

Ինչպես հայտնում է Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW), ուկրաինական հարվածների հետևանքով Ազովի ծովում ռուսական նավերի ակտիվությունը կտրուկ նվազել է։ Վերլուծաբանների տվյալներով՝ ջրատարածքում միացված AIS տրանսպոնդերներով նավերի թիվը կրճատվել է 55%-ով՝ հունիսի վերջի 267-ից հուլիսի 11-ի դրությամբ հասնելով 120-ի։ Կերչի մոտակայքում նման նավերի քանակը նվազել է 75%-ով՝ 37-ից հասնելով 9-ի։ Տանկերների և տրանսպորտային այլ նավերի մի մասը դուրս է եկել Սև ծով, իսկ մնացածներն ուղարկվել են վերանորոգման կամ կայանման։

Բացի այդ, Ռուսաստանը կասեցրել է Ազով-Դոնի ջրանցքով նավարկությունը և դադարեցրել է Կերչի նեղուցով անցնելու հայտերի ընդունումը, ինչը երկրին կարող է զրկել հացահատիկի արտահանման մինչև 20%-ից։ Երեքշաբթի Ռոստովի մարզի տրանսպորտի և գյուղատնտեսության նախարարությունները հայտնել էին, որ այլընտրանքային երթուղիներ են փնտրում արտահանողների համար, որոնց մոտ վերջերս է մեկնարկել բերքահավաքի արշավը։

Source: https://news.am/hy/news/1049893