Ընտրություններից հետո մեր հիմնական անելիքը նոր որակի պետություն ստեղծելու մեր առաքելության շարունակությունն է և պետության վերելքը՝ այն տրամաբանությամբ, որ պետությունը մարդու, քաղաքացու անվտանգությունը, բարեկեցությունը, ազատությունը պահովելու միջոց է։ Այս մասին այսօր՝ հունիսի 11–ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք արդեն կսկսենք կառավարության ծրագրի մշակումները, որը նոր կառավարության ձևավորումից հետո պետք է հաստատվի ԱԺ–ում։ Այս ընթացքում կփորձենք ոչ ֆորմալ քննարկումներ ունենալ կառավարության և ապագա կառավարության կամ ավելի լայն շրջանակի հետ, որպեսզի մեր անելիքները, ռազմավարությունները, նախորդող շրջանի աշխատանքների վերլուծությունները իրականացնենք։ Լավ լուրն այն է, որ նախկին երկու դեպքերում այսքան շատ ժամանակ չենք ունեցել ոչ կառավարության կազմի, ոչ ծրագրի և այլ փաստաթղթերի մասինմտածելու, որովհետեւ նախորդ երկու ընտրությունները եղել են արտահերթ, շտապողականության ռեժիմով ենք աշխատել։

Այս փուլում կարևոր է նախորդող շրջանն ամբողջությամբ վերլուծել, հասկանալ՝ ինչն է, որ պետք է առավել ակտիվացնենք, ինչից է, որ պետք է հրաժարվենք, և որտեղ է, որ մեր աշխատանքները մեզ բավարար չեն թվում, և պետք է ավելի շատ ջանքեր գործադրենք»,–ասաց նա։

Փաշինյանը հայտարարեց, որ նոր գաղափար է առաջարկել, որ ի տարբերություն նախորդ ծրագրերի, առաջիկա ծրագրում ունենան առաջնահերթությունների հստակ ցանկ. «Նախ, չի եղել և չի լինելու այնպիսի ծրագիր, որ 100 տոկոսով իրականացվում է։ Դա ի բնե հնարավոր չէ, որովհետեւ հանգամանքներ են փոխվում, առաջնահերթություններ են փոխվում, բայց կարևոր է, որ ունենանք առաջնահերթություններ և առաջնահերթությունների առաջնահերթություններ։ Օրինակ, նախորդ ծրագրում առաջնահերթությունների առաջնահերթությունը խաղաղության օրակարգն էր և մենք գերկենտրոնացած մնացինք դրա վրա և արդյունք արձանագրեցինք»,– ընդգծեց Փաշինյանը։

Source: https://news.am/hy/news/1042739