Զախարովան հերքել է Հայաստանի հանդեպ «մտրակի քաղաքականություն» վարելու մեղադրանքները և հիշեցրել տասնամյակներ տևած ռուսական աջակցության մասին։
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է այն պնդումներին, թե հայկական որոշ ապրանքատեսակների ներկրման նկատմամբ Ռուսաստանի սահմանած սահմանափակումները իբր պատիժ են Երևանին՝ Արևմուտքի հետ մերձենալու համար։
Հարցը հնչեցրել է «Reuters» լրատվական գործակալության լրագրողը՝ նշելով, որ արևմտյան մի շարք քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ, այդ թվում՝ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը, ռուսական կողմի քայլերը կապում են հայաստանյան իշխանությունների արևմտամետ կուրսի հետ։ Բացի այդ, լրագրողը հիշեցրել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջերս արած հայտարարությունը, երբ վերջինս ընտրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, թե հայ ժողովրդի հասցեին բարի խոսքեր հնչեցնելու փոխարեն՝ երկրի գործընկերները հանդես են գալիս սպառնալիքներով։
Այս համատեքստում «Reuters»-ի թղթակիցը հետաքրքրվել է՝ արդյո՞ք արդարացի է պնդել, որ Ռուսաստանը Հայաստանի նկատմամբ վարում է «մտրակի» քաղաքականություն, և արդյո՞ք «բլիթի» քաղաքականությունն ավելի արդյունավետ չէր լինի Հայաստանին ռուսական ազդեցության գոտում ու եվրասիական ինտեգրման գործընթացներում պահելու համար։
Զախարովան իր պատասխանն սկսել է հեգնական նկատառումով՝ շնորհակալություն հայտնելով լրագրողին «իբր թե» ձևակերպումն օգտագործելու համար։
«Ես իսկապես շնորհակալ եմ ձեզ, որ, այնուամենայնիվ, նեղություն եք կրել և օգտագործել եք «իբր թե» բառը, որովհետև հակառակ դեպքում իմ պատասխանը մի փոքր այլ կլիներ»,- ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ Հայաստանին «պատժելու» մասին հարցադրումն ինքնին տարակուսանք է հարուցում և անտեսում է երկու պետությունների միջև հարաբերությունների բազմամյա պատմությունը։
«Երբ Հայաստանից ներկրվող ապրանքների նկատմամբ սահմանափակումներ չկային, ինչպե՞ս էին անվանում Մոսկվայի այդ քաղաքականությունը։ Եթե այս դեպքում խոսում են իբր թե պատժի մասին, ապա այդ ժամանակ դա ի՞նչ էր՝ խրախուսա՞նք»,- նշել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Նա ընդգծել է, որ պետությունների միջև հարաբերություններում լինում են ինչպես ակտիվ համագործակցության շրջաններ, այնպես էլ ժամանակ առ ժամանակ ի հայտ եկող խնդիրներ, որոնք պետք է լուծվեն երկխոսության միջոցով։
«Մեր պատկերացմամբ՝ կա երկկողմ հարաբերությունների զարգացում, և կան խնդիրներ, որոնք ի հայտ են գալիս այդ հարաբերություններում և որոնք հնարավոր է լուծել քաղաքական-դիվանագիտական շփումների, ինչպես նաև այն անկեղծ ու վստահելի երկխոսության միջոցով, որը մենք միշտ ունեցել ենք Հայաստանի հետ»,- հայտարարել է Զախարովան։
Դիվանագետն առանձնահատուկ ուշադրություն է դարձրել «մտրակի և բլիթի» մասին տարածված դատողություններին։ Նրա կարծիքով՝ նրանք, ովքեր Ռուսաստանին մեղադրում են ճնշման մեթոդներ կիրառելու մեջ, նախընտրում են չնկատել այն պատժամիջոցային լայնածավալ արշավները, որոնք արևմտյան երկրներն իրականացնում են Մոսկվայի դեմ։
«Ինչպե՞ս են այդ նույն վերլուծաբաններն անվանում մեր երկրի դեմ սահմանված 35 հազար պատժամիջոցները։ Արդյո՞ք դրանք նույնպես անվանում են մտրակի քաղաքականություն։ Եվ արդյո՞ք հարց են տալիս իրենց, թե որքանով է դա օբյեկտիվ և որքանով է այդ քաղաքականությունը ցանկալի արդյունքներ տալիս»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչը։
Միևնույն ժամանակ Զախարովան ընդգծել է, որ Ռուսաստանը հետևողականորեն դեմ է հանդես գալիս միակողմանի սահմանափակող միջոցներին և այդ դիրքորոշմանն է հարել դեռևս այն ժամանակվանից, երբ ինքը դեռ չէր դարձել պատժամիջոցների թիրախ։
«Կանոնադրական կառույցների շրջանցմամբ՝ ապօրինի պատժամիջոցների կիրառումը ոչ միայն մեր մեթոդը չէ, այլև մենք կատեգորիկ դեմ ենք ցանկացած պետության նկատմամբ նման քաղաքականությանը»,- եզրափակել է նա։
Դիվանագետի խոսքով՝ Մոսկվան տասնամյակներ շարունակ Հայաստանի հետ հարաբերությունները կառուցել է ոչ թե ճնշումների, այլ աջակցության և համագործակցության միջոցով։
Նա հիշեցրել է էներգակիրների արտոնյալ մատակարարումների, առևտրատնտեսական կապերի զարգացման, հումանիտար համագործակցության, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիների՝ Ռուսաստանում ապրելու և աշխատելու հնարավորության մասին։
«Երբ մենք Հայաստանին օգնություն էինք ցուցաբերում բոլոր ուղղություններով՝ էներգետիկայի, մշակույթի, հումանիտար կապերի, ֆինանսների, առևտրի ոլորտներում, այդ ինչպե՞ս էր կոչվում։ Ինչո՞ւ վերլուծաբանները չեն խոսում այն մասին, որ Ռուսաստանը նրանց բլիթներով չափից շատ է կերակրել»,- հայտարարել է Զախարովան։
Զարգացնելով այս միտքը՝ նա հավելել է. «Ինչո՞ւ նրանք հարց չեն տալիս՝ գուցե արդեն ալերգիա՞ է սկսվել մեր բլիթներից»։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի կարծիքով՝ խոսակցություններն այն մասին, թե Մոսկվան իբր սպառնում է Հայաստանին, հակասում են ռուս-հայկական հարաբերությունների իրական բովանդակությանը։
«Ռուսաստանի կողմից Հայաստանին սպառնացող ի՞նչ վտանգի մասին ընդհանրապես կարող է խոսք լինել, եթե մենք երկար տարիներ աջակցել ենք հանրապետությանը և հանդես ենք եկել որպես նրա անվտանգության երաշխավոր»,- ասել է նա։
Զախարովան նաև կոչ է արել ուշադրություն դարձնել հենց իրենց՝ Ռուսաստանում բնակվող ու աշխատող Հայաստանի քաղաքացիների, ինչպես նաև այն հայ ընտանիքների կարծիքին, որոնց անդամները գտնվում են սահմանի տարբեր կողմերում։
«Հարցրե՛ք իրենց։ Այ հենց նրանք ձեզ կպատմեն այն բլիթների մասին, որոնք տասնամյակներ շարունակ թափվում էին Հայաստանի վրա»,- նշել է դիվանագետը։
Պատասխանի առանձին թեմա է դարձել Հայաստանի արտաքին քաղաքական ապագա կուրսի վերաբերյալ հարցը։ Զախարովայի խոսքով՝ Մոսկվան չի սպառնում Երևանին, այլ փորձում է հստակություն մտցնել նրա հետագա մտադրությունների հարցում՝ եվրոպական ինտեգրմանն ձգտելու մասին հայտարարությունների ֆոնին։
«Այն հարցը, որը մենք տալիս ենք, ընդ որում՝ տալիս ենք շատ հարգալից ձևով, հետևյալն է՝ որո՞նք են Հայաստանի ծրագրերը։ Սա նորմալ հարց է։ Սա նույնիսկ շատ նորմալ հարց է»,- ընդգծել է նա։
Ռուսական կողմի դիրքորոշումը բացատրելու համար դիվանագետը պատկերավոր համեմատություն է արել ավիաթռիչքի հետ։
Նրա ձևակերպմամբ՝ իրավիճակը հիշեցնում է մի ուղևորի, ով գրանցվել է Ա կետից Բ կետ տանող չվերթի համար, բայց հանկարծ հայտարարում է, թե պատրաստվում է թռչել Գ կետ։
«Ինձ թվում է՝ սա շատ տրամաբանական հարց է։ Ո՞ւր եք գնում։ Բ՞ կետ, թե՞ Գ կետ։ Եթե Գ՝ հիանալի է։ Դա, հավանաբար, այլ չվերթ է»,- ասել է Զախարովան։
Նա նշել է, որ Ռուսաստանն ու ինտեգրացիոն միավորումների մյուս անդամները փորձում են հասկանալ, թե ինչպես է Հայաստանը պատրաստվում գործող կառույցներում իր մասնակցությունը համատեղել Եվրոպական միությանն անդամակցելու կուրսի հետ։
«Չէ՞ որ նրանք հավաքական հանրույթի մի մասն են, նրանք ունեն պարտավորություններ, նրանք ունեն պատասխանատվություն»,- ընդգծել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը։
Զախարովայի խոսքով՝ Մոսկվան երկար ժամանակ այս հարցերը տվել է դիվանագիտական խողովակներով և շարունակում է ակնկալել հստակ պատասխան հայաստանյան ղեկավարության հետագա ծրագրերի վերաբերյալ։
Ամփոփելով խոսքը՝ դիվանագետը հերքել է այն մեկնաբանությունները, թե Ռուսաստանն իբր Հայաստանի նկատմամբ ճնշումների կամ պատժի քաղաքականություն է վարում։
«Ուստի ես կատեգորիկ կերպով չեմ ընդունում նման ձևակերպումները»,- հայտարարել է նա։
Source: https://news.am/hy/news/1040857