Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ խնդրելով զերծ մնալ Թուրքիային հանրապետության ռազմաօդային ուժերի արդիականացման համար նոր սպառազինության համակարգեր փոխանցելուց։ Այդ մասին, հղում անելով աղբյուրներին, հայտնել է Axios պորտալը։
Պորտալի տվյալներով՝ Նեթանյահուն համապատասխան խնդրանքը փոխանցել է Թրամփին հեռախոսազրույցի ընթացքում։ Այս շաբաթ ամերիկյան առաջնորդը հանդիպում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի հետ։ Առաջին հերթին Իսրայելը մտահոգված է Թուրքիային հինգերորդ սերնդի F-35 կործանիչների ծրագրին վերադարձնելու հեռանկարով, որից հանրապետությունը դուրս էր մնացել 2019 թվականին՝ ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերը գնելու պատճառով։ Անցյալ շաբաթ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դիտարկում է Անկարային F-35-ներ վաճառելու տարբեր տարբերակներ։
Իսրայելը դեմ է Թուրքիային նոր սպառազինություն փոխանցելուն՝ երկկողմ հարաբերությունների վատթարացման պատճառով, որոնք սրվել են 2023 թվականի հոկտեմբերին Գազայի հատվածում ռազմական գործողության սկսվելուց հետո։ Նեթանյահուն Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր, որ Թուրքիային F-35 կործանիչների վաճառքը լրջորեն կփոխեր ուժերի հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում։
Source: https://news.am/hy/news/1048355