ԱՄՆ-ն Իսրայելին համաձայնություն չի տվել Բեյրութի արվարձանում շիական «Հեզբոլլահ» կազմակերպության օբյեկտին հարված հասցնելու համար։ Այդ մասին հունիսի 7-ին X-ում հայտնել է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը՝ հղում անելով ամերիկյան վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցչին։

Ինչպես հետևում է նրա հրապարակումից, «Սպիտակ տունը Իսրայելին Բեյրութին հարված հասցնելու «կանաչ լույս» չի տվել»։ Մեկ այլ աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ-ն «դրան առնչություն չի ունեցել»։

Հունիսի 7-ի երեկոյան Իսրայելի հյուսիսը ենթարկվել է Իրանի կողմից հրթիռային հարձակման։ Իսրայելական բանակը հայտարարել է, որ բոլոր հրթիռները խոցվել են։

Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ավելի վաղ Իսրայելը հարված էր հասցրել Բեյրութի արվարձանում գտնվող «Հեզբոլլահի» օբյեկտին։ Իսրայելական կողմի վարկածով՝ այդ հարձակումը պատասխան էր հրեական պետության հյուսիսային շրջանների գնդակոծմանը «Հեզբոլլահի» կողմից։ Մինչ այդ Իրանի իշխանությունները նախազգուշացրել էին, որ պատասխան կտան Իսրայելին, եթե հարվածներ հասցվեն Լիբանանի մայրաքաղաքին։

Source: https://news.am/hy/news/1041886