Ան-2 օդանավեր շահագործողների ասոցիացիան, վառելիքի սրվող դեֆիցիտի ֆոնին, առաջարկել է պետական կարգավորում սահմանել ավիացիոն կերոսինի և բենզինի գների նկատմամբ։ Այս մասին «Կոմերսանտին» հայտնել է կազմակերպության նախագահ Վլադիմիր Անտոնովը։ Նրա խոսքով՝ եթե ուղևորատար ավիաընկերությունների ընդհանուր ծախսերի արդեն ավելի քան մեկ երրորդը բաժին է ընկնում վառելիքին, ապա փոքր ավիացիայում այդ տոկոսն է՛լ ավելի բարձր է։ Դա վատթարացնում է փոխադրումների տնտեսական արդյունավետությունը, նվազեցնում ծառայությունների պահանջարկն ու ուղևորահոսքը։ Ռուսաստանի տրանսպորտի նախարարությանն ուղղված նամակում, որին ծանոթացել է պարբերականը, նշվում է, որ հատկապես բարդ է ավիացիոն բենզինի շուկայում տիրող իրավիճակը. թանկացումների պատճառով շուկայի մասնակիցները ստիպված են օգտագործել ավտոմոբիլային վառելիք, որը հաճախ այնքան էլ որակյալ չէ։
«ЛайтЭйр» ավիաընկերության գլխավոր տնօրեն Դմիտրի Տորոպովը նշում է, որ թեև ավիաբենզինի գների աճը համադրելի է կերոսինի թանկացման հետ, սակայն դրա հասանելիության հարցը, որը «միշտ էլ խնդրահարույց է եղել», հիմա «է՛լ ավելի է սրվում»։ Նրա փոխանցմամբ՝ խոշոր օդանավակայաններից ավիաբենզին կա միայն Ուֆայում և Վոլգոգրադում, մինչդեռ մյուս օդային հանգրվաններում փոքր ավիացիայի օդանավերը ստիպված են վառելիքն իրենց հետ տանել հատուկ տարաներով կամ «փրկություն գտնել» մասնավոր աերոկլուբներում։ Ավիաաշխատողների ասոցիացիայի գործադիր տնօրեն Վադիմ Ցիգանաշն էլ հավելել է, որ իրավիճակը դեռ կրիտիկական չէ, բայց միտումը դրան է տանում, և մեկ ամսվա ընթացքում հարցը չափազանց սուր կդառնա։
Միևնույն ժամանակ, Փոքր ավիացիոն ձեռնարկությունների ասոցիացիայի խորհրդի նախագահ Սերգեյ Դետենիշևը նախազգուշացնում է, որ գների հնարավոր պետական կարգավորումը կարող է միայն խորացնել պահանջարկի և առաջարկի անհամապատասխանությունը։ «Գինը կարող է վերևից թելադրված կերպով ցածր սահմանվել, բայց փոխարենը վառելիք չի լինի»,— պարզաբանել է նա։
Երկու ավիաընկերություններից «Կոմերսանտի» աղբյուրները փոխանցում են, որ ուղևորատար փոխադրողները նույնպես անհանգստացած են վառելիքի շուրջ ստեղծված իրավիճակով։ Նրանց տվյալներով՝ հունիսի սկզբից մի շարք տարածաշրջաններում օդանավերին դադարել են լրացուցիչ վառելիք հատկացնել, որը նախատեսվում է երթուղու փոփոխության կամ եղանակային անբարենպաստ պայմանների դեպքում, ինչն արդեն իսկ դեֆիցիտի առաջին նշանն է։ Ավելի վաղ կառավարությունը մինչև նոյեմբերի 30-ը արգելել էր ավիացիոն կերոսինի արտահանումը երկրից՝ «ներքին շուկայում կայուն իրավիճակ» ապահովելու նպատակով։ Այս սահմանափակումը մտցվել էր բենզինի արտահանման արգելքից հետո, որն ուժի մեջ է մտել մարտի վերջից։
Հունիսին, ռուսական նավթավերամշակման գործարանների վրա ուկրաինական անօդաչուների պարբերական հարձակումների հետևանքով, երկրում բենզինի արտադրությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 25%-ով։ Այս մասին «Reuters»-ին հայտնել են ոլորտի աղբյուրները։ Ընդ որում, Ռուսաստանի կենտրոնական հատվածում նավթավերամշակումը գրեթե կանգ է առել Կիրիշիի, Մոսկվայի, Նիժնի Նովգորոդի, Ռյազանի և Յարոսլավլի խոշոր գործարաններին հասցված հարվածներից հետո։ Այս ձեռնարկություններին միասին բաժին էր ընկնում երկրում արտադրվող ամբողջ ավտոբենզինի ավելի քան 30%-ը և դիզելային վառելիքի մոտ 25%-ը։ Կառավարությունը որոշել է վառելիքի պակասը լրացնել Բելառուսից մատակարարումների ավելացման, ծովային ներկրման մեկնարկի, ինչպես նաև որակի ստանդարտները մինչև «Եվրո-3» իջեցնելու հաշվին։
Source: https://news.am/hy/news/1045036