Ավստրիացի մշակութային գործիչները արշավ են սկսել՝ գնելու այն առանձնատունը, որտեղ մինչև 1934 թվականն ապրել է գրող Ստեֆան Ցվայգը, գրում է The Guardian-ը։ Այս նախաձեռնությունը հանդես է եկել այն բանից հետո, երբ տան ներկայիս սեփականատերը՝ ավտոմոբիլային մագնատ Վոլֆգանգ Պորշեն, անսպասելիորեն վաճառքի է հանել անշարժ գույքը՝ իր ավտոմեքենաների հավաքածուի համար մասնավոր թունել կառուցելու ծրագրերի շուրջ բռնկված սկանդալի ֆոնին։
Ցվայգը՝ հրեական ծագումով ավստրիացի գրողը, որի ստեղծագործությունները ռեժիսոր Ուես Անդերսոնին ոգեշնչել են ստեղծելու «Գրանդ Բուդապեշտ հյուրանոց» ֆիլմը, այս 17-րդ դարի առանձնատանն ապրել է այնքան ժամանակ, մինչև ավստրոֆաշիստական վարչակարգի հետապնդումների պատճառով ստիպված է եղել լքել Զալցբուրգը։ Նրա ընտանիքը ստիպված է եղել տունը վաճառել զգալիորեն ցածր գնով։
Գրողի կենդանության օրոք առանձնատունը, որը հայտնի է որպես Villa Europa, ոչ միայն այն վայրն էր, որտեղ նա ստեղծել է իր բազմաթիվ երկերը, այլև կարևոր մշակութային կենտրոն էր։ Այստեղ հյուրընկալվել են այնպիսի ականավոր մշակութային գործիչներ, ինչպիսիք են Ջեյմս Ջոյսը, Թոմաս Մանը և Ռիխարդ Շտրաուսը։
Վոլֆգանգ Պորշեն առանձնատունը ձեռք է բերել 2020 թվականին՝ 8,4 միլիոն եվրոյով։ Վերականգնողական աշխատանքների իրականացումից հետո նա այն վաճառքի է հանել 12,7 միլիոն եվրոյով։ Ավելի վաղ լայն հասարակական հնչեղություն էին առաջացրել Կապուցիներբերգ բլրի միջով 500 մետրանոց մասնավոր թունել կառուցելու նրա ծրագրերը, որպեսզի իր ավտոմեքենաների հավաքածուն հասցնի տուն։
Դաշնային և տեղական իշխանություններին ուղղված խնդրագիրը՝ գնելու առանձնատունը, արդեն ստորագրել են մի քանի հազար մարդ, այդ թվում՝ հայտնի երգիչներ, կոմպոզիտորներ և գրողներ։ Դիմումի հեղինակները տան ձեռքբերումն անվանում են «մշակութային պատասխանատվություն ապագա սերունդների առջև» և «հնարավորություն՝ այս եզակի վայրը հանրության համար բաց դարձնելու և ավստրիական ու եվրոպական մշակութային պատմության համար դրա նշանակությունը պահպանելու համար»։
Զալցբուրգի համալսարանի ռեկտոր Բերնհարդ Ֆյուգենշուխը հայտարարել է, որ Ավստրիան բարոյական պատասխանատվություն է կրում առանձնատունը որպես Ստեֆան Ցվայգին նվիրված հուշահամալիր պահպանելու համար։ Նա ընդգծել է, որ համալսարանը պատրաստ է ժամանակավորապես դառնալ շենքի սեփականատերը, քանի դեռ միջոցներ չեն գտնվել վերջնական գնման համար։
«Այստեղ առկա է լուրջ հանրային պատասխանատվություն։ Մենք որոշեցինք այն ստանձնել, քանի որ հասկանում ենք՝ հնարավորությունների պատուհանը կարող է շատ կարճ լինել»,- ասել է Ֆյուգենշուխը։
Նա նշել է, որ առանձնատունը վաճառելու Պորշեի որոշումը Զալցբուրգին բացառիկ հնարավորություն է տվել ձեռք բերելու օբյեկտը, քանի որ նախկինում քաղաքի՝ նման փորձերը հաջողությամբ չէին պսակվել։ Այժմ համալսարանը խորհրդակցություններ է անցկացնում Ավստրիայի կանանց, գիտության և հետազոտությունների հարցերով դաշնային նախարարության հետ, որը պետք է հավանություն տա համապատասխան նախագծին։
Կապուցիներբերգ բլրի միջով թունելի կառուցման թույլտվությունը ներառված է օբյեկտի արժեքի մեջ, սակայն նոր սեփականատերը կկարողանա օգտվել դրանից միայն մինչև 2028 թվականի վերջը։
Ինքը՝ Ստեֆան Ցվայգը, իր տունն անվանում էր «ռոմանտիկ և ոչ գործնական»։ Դրա գլխավոր առավելություններից մեկը նա համարում էր այն, որ առանձնատունը «անհասանելի էր ավտոմեքենաների համար», և այնտեղ կարելի էր հասնել միայն Կապուցիներբերգ բլուր տանող ավելի քան հարյուր աստիճաններով բարձրանալով։
Source: https://news.am/hy/news/1048471