Ավստրալիական առցանց հարթակները լուրջ դժվարություններ են կրում օգտատերերի տարիքի ստուգման հենց առաջին փուլում, ինչը կասկածի տակ է դնում 16 տարեկանից ցածր դեռահասների կողմից սոցիալական ցանցերի օգտագործման՝ աշխարհում առաջին արգելքի արդյունավետությունը։ Նման եզրակացության են հանգել կառավարությանը նոր սահմանափակումների ներդրման ժամանակ խորհրդատվություն տրամադրած KJR ընկերության մասնագետները, գրում է Reuters-ը։

Անցյալ տարվա դեկտեմբերից Ավստրալիայում գործում է օրենք, որն արգելում է 16 տարեկանից ցածր անձանց հաշիվներ ունենալ սոցիալական ցանցերում, ներառյալ՝ Instagram-ում, Snapchat-ում և YouTube-ում։ Հարթակները պարտավոր են «խելամիտ միջոցներ» ձեռնարկել պահանջների պահպանման համար, իսկ իշխանությունները օգտագործել օգտատերերի տարիքի ստուգման մի քանի եղանակ են հանձնարարել։

Ընդսմին, օրենքը ենթարկվել է լայն քննադատության։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ 16 տարեկանից ցածր դեռահասների մեծ մասը առաջվա պես կարողանում է օգտվել սոցիալական ցանցերից։ Այդ կապակցությամբ անցյալ ամիս Ավստրալիայի կառավարությունը կրկնապատկել է օրենքի չպահպանման համար սահմանված առավելագույն տուգանքները և տեխնոլոգիական ընկերություններին զգուշացրել հնարավոր դատական գործընթացների մասին։

Նոր հետազոտության ընթացքում KJR-ի մասնագետներն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո գրանցել են 50 թեստային հաշիվ։ Բոլոր դեպքերում գրանցման ժամանակ նշվել է 16 տարեկան հասակը, սակայն հարթակներից և ոչ մեկը չի պահանջել հաստատել օգտատիրոջ տարիքը։

Ըստ KJR-ի տնօրեն Էնդրյու Հեմոնդի՝ նախկինում չհրապարակված այդ արդյունքը վեր է հանել համակարգի լուրջ թերությունը։ Օրենքի ներդրման ժամանակ հիմնական ուշադրությունը դարձվել է լուսանկարով տարիքի ճանաչման տեխնոլոգիաների ճշգրտությանը, մինչդեռ ստուգման սկզբնական փուլը, որը հիմնված է օգտատիրոջ ընդհանուր առցանց ակտիվության վերլուծության վրա, գրեթե չի հայտնաբերում անչափահասներին և նրանց չի ուղղորդում լրացուցիչ ստուգման։

«Օգտատիրոջից պետք է խնդրեն հաստատել իր տարիքը, սակայն մեզնից ոչ մի անգամ չեն պահանջել անցնել ստուգում կամ օգտվել տարիքի հաստատման որևէ միջոցից»,- հայտարարել է Հեմոնդը։

Բոլոր 50 թեստային հաշիվները մնում են ակտիվ։ Դրանք գրանցվել են օրենքի ազդեցության տակ գտնվող տասը հարթակներից իննում, դրանց թվում՝ Instagram-ում, Snapchat-ում, TikTok-ում և YouTube-ում։

Հեմոնդը նշել է, որ որոշ կեղծ հաշիվներ սկսել են ստանալ երիտասարդների համար նախատեսված բանկային պրոդուկտների գովազդ, ինչը վկայում է այն մասին, որ հարթակներն ինքնուրույն են որոշել օգտատերերի տարիքային կատեգորիան։ Դրա հետ մեկտեղ, X սոցիալական ցանցում թեստային հաշիվներից մեկը, որտեղ նշված է եղել 16 տարեկան հասակը, պոռնոգրաֆիկ բովանդակությամբ երաշխավորություններ է ստացել։

Հարթակներից և ոչ մեկը թույլ չի տվել գրանցվել այն օգտատերերին, որոնք ուղղակիորեն 16 տարեկանից ցածր տարիք են նշել։ Բացառություն է դարձել միայն ավստրալիական Kick սթրիմինգային հարթակը, որը տարիքի փաստաթղթային հաստատում է պահանջել դեռևս հաշվի ստեղծման փուլում։

Snap և TikTok ընկերությունները հրաժարվել են մեկնաբանել հետազոտության արդյունքները։ Google-ը և X-ը չեն պատասխանել լրագրողների հարցումներին։ Meta-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ KJR-ի փորձը, իր կարծիքով, չի համապատասխանում կարգավորող մարմնի հանձնարարականներին, ըստ որոնց՝ տարիքի ֆորմալ ստուգումը պետք է իրականացվի միայն այն դեպքում, երբ կան նշաններ, որ օգտատերը կարող է անչափահաս լինել, կամ բողոք ստանալուց հետո։

Ընկերությունում նշել են նաև, որ թեստային հաշիվները գրանցվել են որպես նվազագույն թույլատրելի տարիքից բարձր անձանց պատկանող, և պարզ չէ՝ արդյոք դրանք հրապարակել են բովանդակություն կամ իրենց դրսևորել են այնպես, ինչպես 16 տարեկանից ցածր իրական օգտատերերը։

Kick հարթակի ներկայացուցիչը պարզաբանել է, որ ծառայությունը չի կարող հենվել տարիքի ավտոմատ որոշման վրա, քանի որ հարթակը դեռևս չափազանց նոր է և չունի տվյալների բավարար ծավալ նմանատիպ ալգորիթմների համար։

Ավստրալիայի էլեկտրոնային անվտանգության կոմիսարի գրասենյակում հայտարարել են, որ առաջվա պես վստահ են հարթակների՝ 16 տարեկանից ցածր երեխաների գրանցումը թույլ չտալու կարողությանը։ Ըստ գերատեսչության ներկայացուցչի՝ տարիքի ստուգման բազմամակարդակ համակարգը, եթե այն ճիշտ է իրականացված, բացառում է ձախողման մեկ միասնական կետի առկայությունը։

Իշխանությունների առաջին հայտարարություններից հետո այն մասին, որ նոր օրենքը հնարավորություն է տվել ընդամենը մեկ ամսում հեռացնել շուրջ 4,7 միլիոն ենթադրյալ անչափահասների հաշիվներ, սահմանափակումների ներդրումն ուղեկցվել է պահանջների չկատարման մասին բազմաթիվ հաղորդումներով։ Արդեն մարտին կառավարությունը զգուշացրել էր հինգ խոշոր հարթակների հնարավոր դատական հայցերի մասին, իսկ հունիսին հայտարարեց առավելագույն տուգանքների ավելացման մասին՝ տեխնոլոգիական ընկերություններին մեղադրելով օրենքի իրագործման համար ոչ բավարար ջանքեր գործադրելու մեջ։

Հարթակների ներկայացուցիչները հայտարարում են, որ հետևում են կարգավորողի հանձնարարականներին, որոնք նախատեսում են օգտատերերի նվազագույն չափով միջամտող սկզբնական ստուգում։ Օրենքն արգելում է նաև ընկերություններին տարիքի հաստատման համար բացառապես պետական անձնագրեր կամ նույնականացման քարտեր օգտագործել՝ անձնական տվյալների պաշտպանությանն առնչվող մտահոգությունների պատճառով։

Փորձնական նախագծի մասնակիցներից ոմանք դեռևս 2025 թվականին զգուշացնում էին, որ փորձարկումները թերի են եղել, քանի որ հաշվի չեն առել սահմանափակումները շրջանցելու ամենաակնհայտ եղանակը՝ դեռահասների կողմից կեղծ ծննդյան ամսաթիվ նշելը։

«Մենք ցանկանում էինք քննարկել համակարգի շրջանցման խնդիրը, բայց մեզ անընդհատ ասում էին, որ դա չի մտնում հետազոտության խնդիրների մեջ»,- պատմել է Կորած և շահագործվող երեխաների որոնման միջազգային կենտրոնի ավստրալիական ստորաբաժանման գլխավոր տնօրեն Քոլմ Գենոնը։ Նա հավելել է, որ հենց այս եղանակն է այսօր դարձել ամենատարածվածը անչափահաս օգտատերերի շրջանում։

Source: https://news.am/hy/news/1048474