Ավստրալիայի ոստիկանությունը 2,7 տոննա կոկաին է առգրավել Սիդնեյի արևմուտքում գտնվող ստորգետնյա բունկերից: Սա երկրի պատմության մեջ նմանատիպ ամենախոշոր գործողությունն է, հայտնում է BBC-ն:
Սև շուկայում շուրջ 816 միլիոն ավստրալիական դոլար (500 միլիոն եվրո) գնահատվող թմրանյութը հայտնաբերվել է անցած ուրբաթ՝ Լոնդոնդերիի առանձնատներից մեկի տարածքում գտնվող երեք բեռնարկղերի կեղծ հատակի տակ թաքցված խցիկներում:
Դեպքի վայրում ձերբակալվել է երկու տղամարդ (21 և 25 տարեկան), որոնք, ըստ ամենայնի, փորձել են փախչել ոստիկանությունից: Նրանց մեղադրանք է առաջադրվել սահմանն ապօրինի հատած և հսկվող թմրամիջոցների՝ առանձնապես խոշոր չափերով իրացման համար:
Ոստիկանության փոխանցմամբ՝ կոկաինն Ավստրալիա է ներկրվել կազմակերպված հանցավոր խմբավորման պատվերով՝ Քվինսլենդի հյուսիսում գտնվող Միջ Փոյնթ փոքրիկ քաղաքի միջոցով:
Շաբաթ օրը կայացած դատական նիստից հետո կալանավորված երկու տղամարդիկ, մեղավոր ճանաչվելու դեպքում, կարող են դատապարտվել ցմահ ազատազրկման:
Ոստիկանությունը հայտնել է, որ Լոնդոնդերիի առանձնատանը իրականացված խուզարկությունը «Մինցզյան» գործողության մի մասն է եղել: Այս գործողությունը սկսվել է դեռևս մայիսին, երբ Միջ Փոյնթի նավամատույցի մոտակա ջրերում հայտնաբերվել էր նաև լողացող 40 կգ կոկաին:
Ոստիկանությունը հայտնել է, որ այս բացահայտումից հետո սկսված հետաքննության շրջանակներում անցած շաբաթ Քվինսլենդում և Նոր Հարավային Ուելսում ձերբակալվել ու մեղադրանք է առաջադրվել ևս վեց հոգու նկատմամբ։
Բացի այդ, Սողոմոնյան կղզիներում կալանավորվել է այն ենթադրյալ «մայր նավը», որը կասկածվում է մաքսանենգության այս գործողությանը մասնակցելու մեջ:
Source: https://news.am/hy/news/1044988