Լիբանանի նախագահ Ջոզեֆ Աունը կոչ է արել ԱՄՆ-ին շարունակել աջակցել երկրին այն բանից հետո, երբ Վաշինգտոնի միջնորդությամբ շրջանակային համաձայնագիր է ձեռք բերվել Իսրայելի հետ, որը նպատակ ունի վերջնականապես դադարեցնել ռազմական գործողությունները Իսրայելի և «Հեզբոլլահ» շարժման միջև վերջին պատերազմից հետո, հայտնում է AFP-ն։

Վաշինգտոնում համաձայնեցված փաստաթուղթը նախատեսում է շարժման զինաթափում, իսրայելական զորքերի փուլային դուրսբերում Լիբանանի հարավից և այնտեղ լիբանանյան բանակի ստորաբաժանումների տեղակայում՝ սկսելով երկու փորձնական շրջաններից։ «Հեզբոլլահ»-ը մերժել է այս ծրագիրը՝ նշելով, որ այն չի պարունակում իսրայելական ուժերի դուրսբերման հստակ ժամանակացույց։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ԱՄՆ անկախության 250-ամյակի առթիվ ուղղված շնորհավորական ուղերձում Աունը հայտարարել է, որ Լիբանանը հույսը դնում է Վաշինգտոնի շարունակական աջակցության վրա՝ երկրի, նրա ինստիտուտների, բանակի և ժողովրդի «արդար իրավունքները պաշտպանելու գործում»։

Նա հույս է հայտնել, որ Լիբանանը կկարողանա «շրջել պատերազմների էջը… և բացել հույսի, խաղաղության ու կայունության նոր էջ»։

Լիբանանում ԱՄՆ դեսպանությունը X սոցիալական ցանցում հրապարակած հաղորդագրության մեջ հայտարարել է, որ Վաշինգտոնը «հպարտությամբ աջակցում է Լիբանանի ժողովրդին դեպի ավելի լուսավոր ապագա՝ խաղաղություն, բարգավաճում և երկար սպասված հնարավորություններ տանող ճանապարհին»։

«Հեզբոլլահ»-ի մասնակցությամբ հակամարտությունը սրվել է մարտին տարածաշրջանային էսկալացիայի ֆոնին, երբ խմբավորումը հրթիռակոծել է Իսրայելը, ինչից հետո հաջորդել են իսրայելական ավիահարվածներ և ցամաքային գործողություն Լիբանանի հարավում, որտեղ իսրայելական ուժերը մինչև օրս պահպանում են իրենց ներկայությունը։

Տարածաշրջանային պատերազմի դադարեցման վերաբերյալ Թեհրանի և Վաշինգտոնի միջև համաձայնագիրը, ինչպես նաև Լիբանանում դրան հաջորդած հրադադարը, ուժի մեջ է մտել հունիսի 21-ին։ Ավելի ուշ կողմերը համաձայնեցրել են երկարաժամկետ կարգավորմանն ուղղված շրջանակային ծրագիր։

Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալներով, հունիսի վերջից տուն են վերադարձել ավելի քան 640 հազար տեղահանված անձինք։ Լիբանանի իշխանությունները հայտնում են մոտ 4,3 հազար զոհի և ավելի քան մեկ միլիոն հարկադիր տեղահանվածների մասին։

Չնայած հրադադարին՝ երկրի հարավային շրջաններում շարունակվում են առանձին հարվածները, իսկ ենթակառուցվածքների զգալի մասը շարունակում է մնալ ավերված, ինչը դժվարացնում է բնակիչների վերադարձը։ Իշխանությունները քննարկում են աջակցության ծրագրեր, այդ թվում՝ ժամանակավոր կացարանների և վարձավճարի փոխհատուցման վերաբերյալ։

Source: https://news.am/hy/news/1047832