Եվրահանձնաժողովը նոր բանակցություններ կանցկացնի ԵՄ անդամ պետությունների հետ՝ փորձելով կանխել զբոսաշրջիկների համար լուրջ ուշացումները՝ կապված նոր սահմանային վերահսկողության Entry/Exit System (EES) համակարգի ներդրման հետ ամառային սեզոնի ամենաթեժ շրջանում։

Ուրբաթ ուղարկված և Politico-ի ստացած նամակում միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրունները հայտարարել է, որ համակարգը նախատեսված է «մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար՝ առանց Շենգենյան գոտուց դուրս եկող այցելուների համար չափազանց մեծ անհարմարություններ ստեղծելու»։

Ավիաընկերություններն ու ոլորտային միավորումները նախկինում Բրյուսելին զգուշացրել էին օդանավակայաններում երկար հերթերի և խափանումների ռիսկերի մասին։ Նրանք նշել էին, որ նոր համակարգը կարող է հանգեցնել սահմանները հատելիս զգալի ուշացումների։

EES համակարգը, որի մշակումը տևել է մոտ ութ տարի, ենթադրում է ԵՄ-ից դուրս երկրների քաղաքացիների անձնագրերում կնիքների կիրառությունից հրաժարում և դրանց փոխարինում կենսաչափական տվյալների հավաքագրմամբ՝ լուսանկարահանումով և մատնահետքերի վերցմամբ։ Համակարգի ներդրումն իրականացնում են ազգային կառավարությունները, և այն արդեն ուղեկցվել է տեխնիկական խնդիրներով ու սահմաններում սպասման ժամանակի աճով։

Եվրահանձնաժողովը նախկինում հերքում էր լայնածավալ խափանումների առկայությունը, սակայն ուրբաթ Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը ընդունել է «տեխնիկական խնդիրների» գոյությունը, որոնք պահանջում են համակարգի լրացուցիչ կատարելագործում։

Բրունները նշել է, որ երկրների և օդանավակայանների մեծ մասում համակարգը ընդհանուր առմամբ գործում է, սակայն առանձին անցակետերում ուշացումներ են նկատվում։ Որպես պատճառներ նա նշել է անձնակազմի պակասը և անբավարար ենթակառուցվածքները։

Այժմ ԵՄ պետությունները կարող են ժամանակավորապես դադարեցնել կենսաչափական տվյալների հավաքագրումը, որպեսզի արագացնեն սահմանի անցումը։ Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ մտադիր է ուժեղացնել դժվարությունների բախվող երկրների աջակցությունը և նրանց հետ համատեղ աշխատել հերթերը վերացնելու ուղղությամբ։

Politico-ին փոխանցված տվյալների համաձայն, 2025 թվականի հոկտեմբերից համակարգը գրանցել է ԵՄ մուտքի մերժման 43 728 դեպք՝ կանոնների խախտման պատճառով, այդ թվում՝ մուտքի հիմքերի բացակայություն, թույլատրելի գտնվելու ժամկետի գերազանցում և կեղծ փաստաթղթերով սահմանը հատելու փորձեր։

Փուլային գործարկումից հետո համակարգը ապրիլի 10-ից պարտադիր է դարձել Շենգենյան գոտի կարճաժամկետ մուտք գործող բոլոր երրորդ երկրների քաղաքացիների համար։

Source: https://news.am/hy/news/1047996