Օդանավակայանների միջազգային խորհրդի եվրոպական բաժանմունքը (ACI Europe) դիմել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ խնդրելով թույլատրել ժամանակավորապես կասեցնել կենսաչափական տվյալների թվային ստուգման համակարգը։ Այս մասին հուլիսի 1-ին հայտնել է «Financial Times» թերթը։
Հստակեցվում է, որ դիմումի պատճառ են դարձել անձնագրային ստուգման կետերում առաջացած բազմաժամանոց հերթերը, որոնք ի հայտ են եկել նորարարության ներդրումից հետո։ Խոսքը «Schengen Entry/Exit System»-ի (EES) մասին է, որը Շենգենյան գոտում օտարերկրյա քաղաքացիների մուտքի և ելքի գրանցման ավտոմատացված համակարգ է։ Այս ընթացակարգը հատուկ տերմինալների կիրառում է ենթադրում՝ անձնագրերի և մատնահետքերի սկանավորման համար։
Չնայած եվրոպական ավիահանգույցներում համակարգի ներդրումն ավարտվել է դեռ ապրիլին, սակայն ենթակառուցվածքները չեն դիմացել ծանրաբեռնվածությանը։ Փոխադրողների և օդանավակայանների շահերը ներկայացնող ասոցիացիայում ընդգծել են, որ նոր համակարգի պատճառով նստեցման հերթերը որոշ դեպքերում հասնում են մինչև հինգ ժամի։ Սա հանգեցնում է չվերթների ուշացումների, իսկ որոշ ինքնաթիռներ ստիպված են լինում մեկնել կիսադատարկ վիճակով։
«ACI Europe»-ը պնդում է, որ օդանավակայաններին իրավունք տրվի անջատել թվային գրանցումն ամեն անգամ, երբ ուղևորահոսքը գերազանցում է սահմանային հսկողության կետերի թողունակությունը։ Նամակի հեղինակների կարծիքով՝ այս հնարավորությունը պետք է պահպանվի այնքան ժամանակ, քանի դեռ գերատեսչությունները բավարար քանակով անձնակազմ չեն հավաքագրել՝ համակարգը սպասարկելու համար։
Դիմումում նաև կանխատեսում է արվում ամառային սեզոնի վերաբերյալ. հուլիսին և օգոստոսին դեպի եվրոպական երկրներ զբոսաշրջային հոսքը կարող է աճել 40 միլիոնով։ Նամակի հեղինակները Եվրահանձնաժողովին կոչ են անում գնահատել այն ռիսկերը, որոնց առաջիկայում կբախվի օդային տրանսպորտի համակարգը, (եթե հսկողության ներկայիս կանոնները մնան անփոփոխ)։
Source: https://news.am/hy/news/1047126