2013 թվականին Ջորջթաունի համալսարանում ունեցած իր ելույթում նախագահ Բարաք Օբաման կտրուկ քննադատությամբ մերժեց նրանց, ովքեր ժխտում են կլիմայի փոփոխությունը. «Մենք ժամանակ չունենք Տափակ Երկրի ընկերության նիստերի համար»,- ասաց նա՝ նկատի ունենալով 70-ամյա պատմություն ունեցող կազմակերպությունը, որի հիմքում ընկած է այն համոզմունքը, թե Երկիրը տափակ է, այլ ոչ թե կլոր, և որ տիեզերքից մեր մոլորակի լուսանկարները, որոնք պատկերում են Երկիրը գնդի տեսքով, կեղծված են:
Այս տեսությունը համարվում է մարգինալ դավադրության տեսություն, որը մերժում է ամերիկացիների ճնշող մեծամասնությունը: Բայց այժմ պարզվել է, որ գոյություն ունի մի բան, որն էլ ավելի մարգինալ է՝ հավատը Դոնալդ Թրամփի «սնապարծության նախագծերի» հանդեպ:
CNN-ի գլխավոր տվյալների վերլուծաբան Հարրի Էնտենը երկուշաբթի հայտարարել է, որ ամերիկացիների միայն 10%-ն է հավատում, որ Երկիրը տափակ է, և փոքր-ինչ ավելին՝ 12%-ը, պնդում է, որ Լուսնի վրա վայրէջքը կեղծված է եղել: Բայց ի՞նչն է վայելում էլ ավելի քիչ ընդունելություն։ Կառավարական շենքերին Թրամփի անունը շնորհելը։ Ամերիկացիների միայն 9%-ն է ազգային մայրաքաղաքի արտաքին տեսքն իր ճաշակով փոխելու նրա լայնամասշտաբ նախագծի շրջանակում դաշնային շենքերը Դոնալդ Թրամփի պատվին վերանվանելը ճիշտ համարում:
«Այսպիսով, ավելի քիչ ամերիկացիներ են հենց հիմա ընդունելի համարում նախագահ Թրամփի անունը կառավարական շենքերի վրա փակցնելը, քան հավատում են դավադրության երկու տեսություններին՝ որ Երկիրը տափակ է կամ որ Լուսնի վրա վայրէջքը կեղծի) էր,- նշել է Էնտենը։ - Եվ երբ դուք հայտնվում եք այդ նշագծից էլ ցածր, հասկանում եք, որ անում եք մի բան, որը բոլորովին հասարակական համակրանք չի վայելում»։
«Բարեկամս, վե՛րջ տուր: Կենտրոնացի՛ր գնաճի վրա, կենտրոնացի՛ր տնտեսության վրա»
Այն դեպքում, երբ նախագահը հիմնականում ձեռքը թափ է տալիս գների աճի ՝ հատկապես առաջին անհրաժեշտության ապրանքների, մասնավորապես՝ վառելիքի ու սննդի շուրջ մտահոգությունների նկատմամբ, ամերիկացիները կարծում են, որ նա բոլորովին սխալ է դասավորել առաջնահերթությունները: Ընտրված լինելով գնաճը նվազեցնելու խոստումների ֆոնին՝ Թրամփը կարծես տարված է ամբողջ երկրում իր ժառանգությունը և իր դեմքը թողնելու գաղափարով՝ սկսած վիթխարի կամարից մինչև Սպիտակ տան պարասրահը և նույնիսկ իր պատկերով 250 դոլարանոց թղթադրամը։ Եվ դա՝ հակառակ 1866 թվականից գործող օրենքի, որն արգելում է ողջ մարդկանց դիմանկարների տեղադրումը ամերիկյան արժույթի վրա:
«Կարծում եմ՝ դա խորհրդանշական է։ Նախագահ Թրամփը ստանձնում է պաշտոնը մեր 250-ամյակի շրջանում,- Fox News-ի Sunday Morning Futures ծրագրի եթերում հայտարարել է ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը՝ հավելելով, որ Թրամփի պատկերով թղթադրամ տպելու համար անհրաժեշտ կլինի համապատասխան օրենք ընդունել։
CNN-ից Էնտենը նշել է, որ ամերիկացիների միայն 29%-ն է հավատում, որ նախագահը կենտրոնացած է այն հարցերի վրա, որոնք ամենից շատ են հուզում ընտանիքներին: «Ակնհայտ մեծամասնությունը, ավելի քան երկու երրորդը (68%), ասում է. «Ո՛չ, նա բավարար չափով կենտրոնացած չէ»,- ընդգծել է Էնտենը։ - Եվ հենց դա է պատճառը, որ մի քանի հարցումներում նրա վարկանիշը նվազել է մինչև 30-անոց տոկոսային նշագծեր, որովհետև նա կենտրոնացած է ոչ ճիշտ խնդիրների վրա»։
Էնտենը նույնիսկ հղում է արել մեծագույն բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի խոսքին. «Բարեկամս, վե՛րջ տուր: Դադարեցրո՛ւ: Կենտրոնացի՛ր գնաճի վրա, կենտրոնացի՛ր տնտեսության վրա, և այդ ժամանակ, հնարավոր է, քո վարկանիշը բարձրանա 40%-ից»,- ասել է նա։
Ու մի՛ ծիծաղիր, Կոնգրե՛ս, քո գործերն էլ լավ չեն:
Որքանո՞վ է զարմանալի այս 10-տոկոսանոց աջակցությունը։ Էնտենը մատնանշել է, որ ԱՄՆ Կոնգրեսը էլ ավելի քիչ աջակցություն է վայելում, քան Լուսնի վրա վայրէջքի կեղծման մասին տեսությունը։ «Ձեզ սովորաբար չեն սիրում,- դիմել է Էնտենը Կոնգրեսին,- բայց սովորաբար ոչ այդ աստիճան»։
Ըստ Էնտենի՝ Կոնգրեսի հանդեպ անվստահության մակարդակը հասել է ռեկորդային առավելագույնի՝ 86%-ի, ընդ որում՝ ամերիկացիների միայն 10%-ն է հավանություն տալիս նրա աշխատանքին։
«Վե՛ր կացեք և ծափահարե՛ք ինքներդ ձեզ,- հեգնանքով հավելել է Էնտենը Կոնգրեսի հասցեին։ - Ձեզ հաջողվեց դա անել՝ հավասարվել օրենսդիր մարմնից հասարակական դժգոհության բացարձակ ռեկորդին, որը սահմանվել էր 2013 թվականին։
Source: https://news.am/hy/news/1040095
World
Ավելի շատ ամերիկացիներ հավատում են, որ Երկիրը տափակ է, քան աջակցում են Թրամփի «սնապարծության նախագծերին». CNN
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր World նորությունները Telegram-ում
Հետևիր World թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։