Audi ընկերությունը ներկայացրել է նոր Nuvolari սուպերքարը՝ իր պատմության ամենահզոր և ամենաարագ սերիական մոդելը։ Ավտոմեքենան կթողարկվի սահմանափակ խմբաքանակով՝ ընդամենը 499 օրինակով, իսկ դրա արժեքը, նախնական տվյալներով, կկազմի մոտ 500 հազար ֆունտ ստեռլինգ (մոտավորապես 590 հազար եվրո), գրում է Autocar-ը։
Նորույթը կդառնա ապրանքանիշի նոր դրոշակակիրը և, ըստ էության, լեգենդար R8-ի իրավահաջորդը, սակայն Audi-ում ընդգծում են, որ Nuvolari-ն պարզապես նախկին սուպերքարին փոխարինող չէ, այլ ցուցադրություն է այն բանի, թե ինչպես է ընկերությունը պատկերացնում իր ապագան։
Ավտոմեքենայի անվանումը հղում է անում հայտնի իտալացի ավտոարշավորդ Տացիո Նուվոլարիին՝ նախապատերազմյան շրջանի ամենահաջողակ վարորդներից մեկին, որը հանդես էր գալիս Auto Union-ի՝ Audi-ի նախորդի կազմում։
Թափքի տակ տեղակայված է հիբրիդային ուժային համակարգ, որը միավորում է 4,0 լիտրանոց V8 շարժիչը կրկնակի տուրբոներհոսքով և երեք էլեկտրաշարժիչ։ Ընդհանուր հզորությունը հասնում է տպավորիչ 987 ձիաուժի։
Սա բավական է, որպեսզի մեքենան տեղից մինչև 100 կմ/ժ արագանա ընդամենը 2,6 վայրկյանում։ 200 կմ/ժ շեմը ավտոմեքենան անցնում է 6,8 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը գերազանցում է 350 կմ/ժ-ը։
Nuvolari-ի ստեղծման համար ինժեներները ակտիվորեն կիրառել են Ֆորմուլա-1-ից եկած տեխնոլոգիաներ։ Սուպերքարը ստացել է ամբողջովին ածխաթելային թափք, ակտիվ աերոդինամիկա, խելացի լիաքարշակ համակարգ և անիվների միջև ոլորող մոմենտի բաշխման բարդ համակարգ։
Հատուկ ուշադրություն է դարձվել աերոդինամիկային։ Հետևի հակաթևը ավտոմատ կերպով փոխում է դիրքը՝ կախված շարժման ռեժիմից և արագությունից, իսկ արգելակման ժամանակ ունակ է ստեղծել ավելի քան 400 կիլոգրամ սեղմող ուժ։ Որոշ լուծումներ, ներառյալ հատուկ S-Duct աերոդինամիկ ալիքը, անմիջականորեն ոգեշնչված են ժամանակակից Ֆորմուլա-1 բոլիդների տեխնոլոգիաներից։
Ավտոմեքենայի մշակումը տևել է ընդամենը մոտ 14 ամիս՝ նման բարդ նախագծի համար անսովոր կարճ ժամկետ։ Աշխատանքներին մասնակցել են Audi-ի, Lamborghini-ի և Audi Formula 1 թիմի մասնագետները։ Ընկերության տեխնիկական տնօրեն Ռուվեն Մորայի խոսքով՝ չնայած նոր Lamborghini Temerario-ի հետ ուժային համակարգի ընդհանրությանը, ավտոմեքենայի բնավորությունը լիովին տարբեր է և արտացոլում է Audi-ի բրենդային փիլիսոփայությունը։
Nuvolari-ն նաև կդառնա առաջին սերիական մոդելը, որը կցուցադրի բրենդի նոր դիզայներական լեզուն՝ մշակված Մասիմո Ֆրաչելլայի ղեկավարությամբ։ Սուպերքարի արտաքինի բազմաթիվ տարրեր հետագայում կհայտնվեն նաև ընկերության ավելի զանգվածային մոդելներում։
Սահմանափակ խմբաքանակի մատակարարումները կսկսվեն հաջորդ տարվա առաջին կեսին։
Source: https://news.am/hy/news/1041097