Ամբողջ աշխարհում միլիոնավոր մարդիկ կարող են կորցնել իրենց աշխատանքը կամ ստիպված կլինեն փոխել մասնագիտությունը՝ արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացման պատճառով։ Դրա մասին Աստանայում ընթացող Եվրասիական տնտեսական ֆորումի շրջանակում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, գրում է «Коммерсантъ»-ը։

«Աշխատաշուկան վերակառուցվում է։ Բավականին իրատեսական է այն սցենարը, երբ միլիոնավոր մարդիկ զրկվում են աշխատանքից կամ ստիպված կլինեն փոխել գործունեության տեսակը։ Կարող են անհետանալ ամբողջական մասնագիտություններ՝ այն պատճառով, որ մարդուն կփոխարինի համակարգչային բանականությունը»,- կարծում է նա։

Պուտինը հավելել է, որ Ռուսաստանն այժմ այն եզակի երկրներից է, որը ստեղծում է արհեստական բանականության զարգացման ինքնիշխան հարթակներ։

Ապրիլին՝ ԱԲ-ի զարգացման հարցերով խորհրդակցության շրջանակում, Ռուսաստանի նախագահը կառավարությանը և մարզերին հանձնարարել էր մշակել մինչև 2030 թվականը բոլոր ոլորտներում արհեստական բանականության տեխնոլոգիաների ներդրման ծրագիր։

Source: https://news.am/hy/news/1039208