Որոշ երկրներ և քաղաքներ վաղուց հայտնի են դարձել իրենց փողոցային սննդով․ համադամասերները հատուկ գնում են այնտեղ, որպեսզի ճանապարհին արագ ուտեն շամփուրների վրա պատրաստված ամենատարբեր մսատեսակներ և նմանատիպ այլ խորտիկներ։ Սակայն նոր հետազոտությունը բացահայտել է փողոցային սննդի առումով աշխարհի լավագույն քաղաքը, և դա բոլորովին այն վայրը չէ, որը կարող էիք ակնկալել։

Ֆրանսիայի Փարիզը գլխավորել է վարկանիշը հետազոտության մեջ, որն իրականացրել է աշխարհի 100 ամենաշատ այցելվող քաղաքներում փողոցային սննդի 6897 կետ ուսումնասիրած Radical Storage ընկերությունը։

Վերլուծության ընթացքում թիմը հաշվի է առել չորս աստղից բարձր գնահատական ունեցող հաստատությունների թիվը, խոհանոցների բազմազանությունը, բուսակերական, վեգանական և գլյուտենազուրկ ուտեստների առկայությունը, մատչելի տարբերակների բաժինը և փողոցային սննդի կետերի խտությունը մեկ քառակուսի կիլոմետրի վրա, հաղորդում է Euronews-ը։

Փողոցային սնունդ ասելով հետազոտողները հասկացել են փողոցային տաղավարները և ֆուդթրաքները, ինչպես նաև փողոցային խոհանոցի դասական ուտեստներ մատուցող ռեստորանները։

Վերջնական միավորի վրա ամենամեծ ազդեցությունն ունեցել է կետերի խտությունը․ դրա կշիռը կազմել է 30 %, իսկ դրան հաջորդել է բյուջետային հաստատությունների բաժինը՝ 20 %։ Չորս աստղից բարձր գնահատական ունեցող հաստատությունների քանակը, միջին գնահատականը, խոհանոցների բազմազանությունը, բուսակերական և վեգանական տարբերակների, ինչպես նաև գլյուտենազուրկ ուտեստների առկայությունը գնահատվել են յուրաքանչյուրն 10 % կշռով։

Ֆրանսիայի մայրաքաղաքը 10 հնարավորից ստացել է 7,2 միավոր․ 401 հաստատություններից 69,1 %-ը ստացել են չորս աստղ և ավելի բարձր գնահատական։ Փարիզում նաև արձանագրվել է փողոցային սննդի 3,82 կետի խտություն մեկ քառակուսի կիլոմետրի վրա։

Ցանկում հաջորդում են երկու հունական ուղղություններ՝ Աթենքը և Սալոնիկը։ Աթենքը 10 հնարավորից ստացել է 6,9 միավոր՝ ներկայացված խոհանոցների քանակի (29) և փողոցային սննդի կետերի խտության շնորհիվ՝ 4,21 մեկ քառակուսի կիլոմետրի վրա։

Սալոնիկն, իր հերթին, հավաքել է 6,1 միավոր․ այստեղ փողոցային սննդի կետերի 77,1 %-ը պատկանում է բյուջետային հատվածին։

Հունաստանի Ռոդոսը գլխավորել է ցանկը փողոցային սննդի գնահատականների մակարդակով․ այնտեղի հաստատությունների 82 %-ը գնահատվել են չորս աստղ և ավելի բարձր, մինչդեռ Լոնդոնը լավագույնն է եղել բազմազանության առումով՝ 39 տարբեր տեսակի խոհանոցների ուտեստներով։

Աշխարհի լավագույն 10 քաղաքները՝ փողոցային սննդի առումով

Source: https://news.am/hy/news/1053271