Ֆրանսիան Սիրիային է փոխանցել 23 հնագիտական արժեքներ, որոնք ցուցահանդեսային փոխառության ավարտից հետո շուրջ 15 տարի մնացել էին նրա տարածքում, հաղորդում է Associated Press-ը:

Արտեֆակտների վերադարձը համընկել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ Դամասկոս պատմական այցի հետ, ինչը արևմտյան խոշոր երկրի ղեկավարի առաջին այցն է 2024 թվականի վերջին Բաշար Ասադի տապալումից հետո։

Արժեքները Սիրիա են հասցվել երեքշաբթի՝ Մակրոնի նախագահական ինքնաթիռով, և հանձնվել Սիրիայի Ազգային թանգարանին։ Վերադարձված առարկաների թվում են հռոմեական ժամանակաշրջանի բրոնզե իրեր, բյուզանդական և իսլամական դարաշրջանների արտեֆակտներ, ինչպես նաև ճոխ զարդարված մի խճանկար պաննո, որը նախկինում զարդարում էր Օմայադների մզկիթը:

Հավաքածուն Ֆրանսիային էր փոխանցվել 2011 թվականին՝ Փարիզի Արաբական աշխարհի ինստիտուտում սիրիական հնությունների ցուցահանդեսի համար։ Սակայն Ասադի կառավարման օրոք երկրների միջև հարաբերությունների վատթարացումից և դիվանագիտական կապերի խզումից հետո արտեֆակտները մնացել էին Ֆրանսիայում։

Սիրիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ վերադարձված առարկաները պատկանում էին Դամասկոսի, Հալեպի, Լաթակիայի և Պալմիրայի թանգարաններին։ Գերատեսչությունում Ֆրանսիան անվանել են առաջին երկիրը, որն սկսել է համագործակցությունը Սիրիայի հետ՝ արտերկրում հնությունների վերադարձման ազգային արշավի շրջանակում։

«Այսօր մենք ներկայացնում ենք հնագիտական արտեֆակտների մի մասը, որոնք վերադարձվել են Սիրիային»,- Դամասկոսի Ազգային թանգարանում ցուցահանդեսի բացման ժամանակ հայտարարել է Սիրիայի հնությունների և թանգարանների վարչության գլխավոր տնօրենի տեղակալ Այման ալ-Նաբոն։

Թանգարանի կուրատոր Նիվին Սաադեդդինը նշել է, որ վերադարձված հավաքածուն ընդգրկում է սիրիական քաղաքակրթության պատմության կարևորագույն ժամանակաշրջանները։

«Դրանք վերաբերում են մեր թվարկությունից առաջ IX հազարամյակից մինչև մեր թվարկության XIV–XV դարերն ընկած ժամանակահատվածին։ Յուրաքանչյուր առարկա ներկայացնում է Սիրիայի պատմության առանձին գլուխ»,- ասել է նա։

Սիրիայի հնությունների և թանգարանների վարչության նախկին գլխավոր տնօրեն Մաամուն Աբդելկարիմը հայտարարել է, որ արտեֆակտների վերադարձը եզրափակում է բազմամյա գործընթացը, որը բարդացել էր պատերազմի, Սիրիայի միջազգային մեկուսացման և դրանց վերադարձին հասնելու անհաջող փորձերի պատճառով։

Ըստ նրա՝ հավաքածուն վերադարձնելու պաշտոնական հարցումը Ֆրանսիային էր ուղարկվել դեռևս 2014 թվականին, սակայն այն ժամանակ պատասխան չէր ստացվել։ Ավելի ուշ ֆրանսիական կողմը հայտարարում էր, որ չէր կարող բանակցություններ վարել միջազգային պատժամիջոցների տակ գտնվող Ասադի կառավարության ներկայացուցիչների հետ։

Աբդելկարիմը նաև պատմել է, որ սիրիական ժառանգության պահպանության մարմինների աշխատակիցները ենթարկվել են ճնշումների Ասադի իշխանությունների կողմից՝ արտեֆակտները վերադարձնելու փորձերի պատճառով։

«Մեզ հարցաքննում էին Բաշար Ասադի անվտանգության ծառայության աշխատակիցները։ Մեզ ծեծում էին և մեղադրում, որ բավարար չափով չենք պաշտպանում Սիրիայի հնությունները»,- հայտարարել է նա։

Միևնույն ժամանակ, հնագետը ողջունել է երկրների միջև մշակութային համագործակցության վերականգնումը։

«Ես շատ ուրախ եմ, որ, չնայած տեղի ունեցած ամեն ինչին, պատերազմն ավարտվեց, Սիրիան կրկին բացվում է աշխարհի առջև, իսկ մշակութային փոխանակումը վերադառնում է»,- ասել է Աբդելկարիմը։

Սիրիայի իշխանությունները հայտարարել են, որ Ասադի տապալումից հետո, որը վերջ դրեց Ասադների ընտանիքի ավելի քան 50-ամյա կառավարմանը, երկիրն սկսել է միջազգային արշավ՝ դուրս բերված մշակութային ժառանգությունը վերադարձնելու համար։

Այնուամենայնիվ, մոտ 14 տարի տևած պատերազմի ընթացքում հնագիտական վայրերից գողացված հազարավոր սիրիական արտեֆակտներ դեռևս մնում են արտերկրում։

Ըստ Աբդելկարիմի՝ դրանց վերադարձը կպահանջի տարիների դիվանագիտական աշխատանք։

Սիրիական մշակութային ժառանգությունը լրջորեն տուժել է հակամարտության ընթացքում. հնագույն քաղաքներ են կործանվել, ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտ Պալմիրան զգալի վնասներ է կրել, իսկ «Իսլամական պետության» գրոհայինները ոչնչացնում էին տաճարներ, դամբարաններ ու քանդակներ՝ միաժամանակ օգտագործելով հնությունների ապօրինի առևտուրը որպես ֆինանսավորման աղբյուր:

Source: https://news.am/hy/news/1048960