Ուկրաինայի ամենահարուստ մարդկանցից մեկն այժմ պայքարում է կյանքի համար այն բանից հետո, երբ Մոնակոյի էլիտար բնակելի համալիրներից մեկում պայթել է պայթուցիկ տարրերով լիցքավորված և ուսապարկում թաքցված ռումբը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Ուկրաինացի միլիարդատեր Վադիմ Երմոլաևը, նրա կինն ու դեռահաս որդին ծանր վիրավորում են ստացել երկուշաբթի երեկոյան տեղի ունեցած կանխամտածված մահափորձի հետևանքով։

Դեպքի վայրից արված սահմռկեցուցիչ լուսանկարներում երևում է Ֆրանսիայի սահմանից ոչ հեռու՝ Ռևերան Պեր Լուի Ֆրոլա փողոցում գտնվող «Sun's Palace» բնակելի համալիրի՝ արնաշաղախ նախասրահը։ Հաղորդվում է, որ հարձակվողը պայթյունից քիչ առաջ այնտեղ է թողել հեղյուսներով ու մանեկներով բերնեբերան լցված ուսապարկը։

Պայթյունից անմիջապես հետո Մոնակոյի ոստիկանությունը կասկածյալին հայտնաբերելու լայնամասշտաբ գործողություն է սկսել։ Ձերբակալությունների մասին դեռևս չի հաղորդվում։ Ուկրաինացի միլիարդատիրոջ՝ տուժածների թվում լինելու փաստը հաստատել են մի քանի աղբյուրներ և տեղական լրատվամիջոցներ, այդ թվում՝ Monaco Matin պարբերականը։ Երմոլաևը հայրենիքը լքել էր Ռուսաստանի հետ լայնամասշտաբ ռազմական գործողությունների սկսվելուց հետո։

Պայթյունի երկրորդ զոհը 50-60 տարեկան մի կին է՝ ենթադրաբար Երմոլաևի կինը՝ Աննան։ Ականատեսները սարսափելի տեսարան են նկարագրում. պայթյունից հետո կինն ընկած է եղել արյան լճակի մեջ, իսկ հարվածային ալիքը բառացիորեն պոկել է նրա թաթերը։

Երրորդ տուժածը 13 տարեկան տղա է՝ զույգի չորս երեխաներից մեկը։ Ըստ ամենայնի, պայթյունի պահին ամբողջ ընտանիքը գտնվել է շենքի մուտքի մոտ։ Ականատեսները պատմել են, որ գետնին տեսել են արնահոսող երեխայի, որին մինչ բժիշկների ժամանելը փորձել են առաջին օգնություն ցույց տալ անցորդները։ Երեքն էլ հոսպիտալացվել են ծայրահեղ ծանր վիճակում։

Շենքի ևս չորս բնակչի բժշկական օգնություն է ցուցաբերվել տեղում. նրանք կտրվածքներ են ստացել պայթյունից փշրված ապակիներից և գտնվել են ուժեղ շոկի մեջ։ Մարին Կոտա անունով հարևանուհին խոստովանել է, որ պայթյունի ձայնը նման է եղել հզոր հրավառության, որից անմիջապես հետո միացել են շչակները։

Մոնակոյի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Քրիստոֆ Միրմանդը կատարվածն սկզբում որակել է որպես «ահաբեկչություն», սակայն ավելի ուշ փոխել է ձևակերպումը՝ անվանելով այն «կանխամտածված պայթյուն»։

«Պայթուցիկ սարքը, ամենայն հավանականությամբ, պարունակել է հեղյուսներ և բեկորներ։ Որքանով ես տեղյակ եմ, սա Իշխանության պատմության մեջ առաջին դեպքն է, երբ նման բան է տեղի ունենում մեր տարածքում»,- հայտարարել է Միրմանդը։

Ֆրանսիական Le Figaro թերթը հայտնել է, որ տեսահսկման խցիկներն արձանագրել են կասկածյալին․ նա եղել է սև գլխարկով, սպորտային բաճկոնով, սպիտակ ջինսերով և մարզակոշիկներով։ Տեսագրություններում երևում է, թե ինչպես է նա ուսապարկը թողնում մուտքի մոտ և արագ հեռանում։ Մոնակոյում հայտարարվել է հանցագործի որոնման հատուկ օպերատիվ պլան, հետաքննությանը միացել է նաև Ֆրանսիայի ներքին գործերի նախարարությունը։

Մոնակոյի իշխան Ալբեր II-ն արդեն իսկ կատարվածն անվանել է «սարսափելի հանցագործություն», որը «շոկ էր Մոնակոյի ողջ հանրության համար»։

Երմոլաևն այն շուրջ 100 ուկրաինացի օլիգարխների թվում է, որոնք պատերազմի սկսվելուց հետո տեղափոխվել են Ֆրանսիայի Լազուրե ափ (Նիցցայի շրջան) բնակության։

Եկամտի աղբյուրները․ Իր հիմնական կարողությունը նա դիզել է Դնեպրում կառուցապատման և անշարժ գույքի բիզնեսի շնորհիվ։ ԽՍՀՄ փլուզումից հետո նրա ստեղծած «Ալեֆ» կորպորացիան զբաղվել է նաև Ղրիմում գինիների և մուգ ալկոհոլային խմիչքների արտադրությամբ։

Քաղաքացիությունը և պատժամիջոցները․ 2019 թվականին Երմոլաևը ստացել է Կիպրոսի քաղաքացիություն։ 2023 թվականի դեկտեմբերին Ուկրաինան անհատական պատժամիջոցներ է սահմանել նրա դեմ, այդ թվում՝ սառեցնելով նրա ակտիվները։ 90-ականների դարաշրջանի շատ խոշոր գործարարների նման, նա նույնպես բազմիցս բախվել է փողերի լվացման մեղադրանքներին, որոնք ինքը միշտ հերքել է։

Ընտանիքը և շքեղ կյանքը․ Երմոլաևն ու նրա կինը՝ Աննան (որն աշխատում էր որպես ատամնաբույժ և զբաղվում էր բարեգործությամբ), ունեն չորս երեխա։ Մոնտե Կառլոյում ընտանիքն ապրում էր ընդգծված շքեղ ու հանրային կյանքով։ Երմոլաևը հայտնի էր նրանով, որ իր ուկրաինական համարանիշներով Bentley-ն կայանում էր հենց Մոնտե Կառլոյի կազինոյի դիմաց, ուներ ուկրաինական դրոշով նավարկող սուպերյախտ և հսկվող առանձնատուն էլիտար Սեն Ժան Կապ Ֆերայում։

Source: https://news.am/hy/news/1046791