Նախորդ տարի սպորտի և արվեստի ուղղություններով ատեստավորվել է 279 մանկավարժական աշխատող։ Այս տարի ընդլայնվել է ատեստավորման ուղղությունների շրջանակը։ Այս մասին նշվել է այսօր՝ օգոստոսի 18–ին, 2026-2027 ուսումնական տարվան ընդառաջ օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ, որին մասնակցել են նաև նախադպրոցական ու արտադպրոցական ուսումնական հաստատությունների տնօրենները։

Մշակույթի ոլորտում ներառվել են դասական, ժողովրդական և էստրադային երգեցողությունը, երաժշտության տեսությունը, սոլֆեջիոն, հարվածային գործիքները, կիթառը, երգչախմբային խմբավարությունը և այլ ուղղություններ։

Սպորտի ոլորտում նախատեսված է 20 ուղղություն, այդ թվում՝ ծանրամարտ, ֆուտբոլ և ֆուտզալ, լող, հանդբոլ, սուսերամարտ, լեռնադահուկային սպորտ, թենիս, բադմինտոն, նետաձգություն, հրաձգություն և այլն։

Ըստ նախարարի տեղակալի՝ ուղղությունների բազմազանեցումը նպատակ ունի խթանել տարբեր մասնագիտությունների ներկայացուցիչների մասնակցությունը կամավոր ատեստավորմանը։ Ժամանակացույցն ու համապատասխան ուղեցույցները կհրապարակվեն հաջորդաբար։

Քննարկված հարցերից մեկը վերաբերել է արտադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների դրույքային ծանրաբեռնվածությանը։ 2026 թվականի սեպտեմբերի 1-ից այն կսահմանվի շաբաթական 20 ժամ՝ համադրելի դառնալով հանրակրթական դպրոցներում գործող դրույքային ծանրաբեռնվածության հետ։

«Կառավարության նոր ծրագրով թիրախ է սահմանվել, որ դպրոցական տարիքի յուրաքանչյուր երրորդ երեխա պետք է ընդգրկված լինի արտադպրոցական կրթության մեջ։ Մեզ համար շատ կարևոր է երեխաների բազմակողմանի զարգացումը՝ հաշվի առնելով նրանց առանձնահատկություններն ու նախասիրությունները։ Այս նպատակի իրագործմանն է ուղղված նաև պետության կողմից սոցիալական կրեդիտների ներդրումը. ծնողների վճարած եկամտային հարկից սոցիալական կրեդիտի միջոցով հնարավոր կլինի տարեկան մինչև 100 հազար դրամի վերադարձ ստանալ։ Արտադպրոցական կրթությունը ևս ներառված է այս համակարգում»,- նշել է Արաքսիա Սվաջյանը։

Նախարարի տեղակալը կարևորել է նաև արտադպրոցական կրթություն իրականացնող համայնքային հաստատությունների և երաշխավորված ծրագրերով աշխատող մասնավոր կառույցների միջև առողջ մրցակցային միջավայրի ձևավորումը։ Նրա գնահատմամբ՝ այն կնպաստի մատուցվող ծառայությունների որակի և գրավչության բարձրացմանը։

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել են նաև ոլորտային այլ հարցեր: Տեղի է ունեցել հարցուպատասխան:

Source: https://news.am/hy/news/1056155