ԱՄՆ Արիզոնա նահանգում հետաքննվում է անսովոր և ողբերգական դեպք, որը կապված է 18 ամսական երեխայի՝ Վինսենթ Լորենցո Ֆիորդինոյի հետ, որը տան լողավազանում գրեթե խեղդվելուց հետո հոսպիտալացվել էր և մի քանի ժամ անց սխալմամբ մահացած էր հայտարարվել, սակայն ավելի ուշ դիահերձարանի տարածքում պարզվել էր, որ նա ողջ է։
Մարիկոպա շրջանի ոստիկանության տվյալներով, միջադեպը տեղի է ունեցել Սուպերգավաթի օրը, երբ տեղական ժամանակով մոտ 17:38-ին ահազանգ է ստացվել երեխայի մասին, որին լողավազանում գտել էին դեմքով դեպի ներքև անշարժ պառկած։ Հարազատներից մեկը փորձել է մինչև բուժաշխատողների ժամանումը իրականացնել սիրտ-թոքային վերակենդանացում, որից հետո երեխային տեղափոխել են Mercy Gilbert Medical Center հիվանդանոց։
Չնայած բժիշկների ջանքերին՝ մոտ 18:20-ին բժիշկներից մեկը արձանագրել է երեխայի մահը։ Սակայն ավելի ուշ ոստիկանության զեկույցում նշվել է, որ երեխան նույնիսկ մահվան պաշտոնական հայտարարությունից հետո շարունակել է շնչառության նշաններ ցուցաբերել։
Հետաքննության տվյալներով, 19:18-ին տեղում գտնվող դետեկտիվը նշել է, որ լսել է «ևս մեկ հստակ հոգոց»՝ մարմինը դիահերձարան տեղափոխելուն նախապատրաստելու ընթացքում։ Ավելի ուշ աշխատակիցները նույնպես հաղորդել են հնարավոր շնչառության կամ այսպես կոչված ագոնալ շնչառության մասին, որը երբեմն դիտվում է վերակենդանացումից հետո ծանր վիճակների դեպքում։
23:52-ին, երբ դատաբժշկական փորձաքննության բյուրոյի աշխատակիցները ժամանել են դիահերձարան, երեխային ողջ են հայտնաբերել։ Դրանից հետո այդ մասին անմիջապես տեղեկացրել են ընտանիքին և երեխային շտապ տեղափոխել Ֆինիքսի մանկական հիվանդանոց։
Ոստիկանությունը հայտնում է, որ քննարկում է ծնողների նկատմամբ հնարավոր մեղադրանքները, այդ թվում՝ երեխայի նկատմամբ դաժան վերաբերմունքի համար՝ պնդելով, որ նրանք միջադեպի պահին կարող էին լինել մարիխուանայի ազդեցության տակ։ Ծնողներն իրենք, ըստ զեկույցի, խոստովանել են, որ միջադեպի օրը կանաբիս են օգտագործել։
Mercy Gilbert Medical Center հիվանդանոցը հայտարարել է ներքին հետաքննություն անցկացնելու մասին, սակայն դրա արդյունքները չեն հրապարակվում։ Առանձին նշվում է, որ այն բժիշկը, որը պաշտոնապես արձանագրել էր մահը, ավելի ուշ վիճաբանության մեջ է մտել ոստիկանության հետ իր որոշման վերաբերյալ։
Զեկույցի համաձայն, նա պնդել է, որ ճիշտ է, և հրաժարվել է վերանայել իր եզրակացությունը՝ չնայած երեխայի վիճակի վերաբերյալ իրավապահների կասկածներին։
Ներկայումս երեխան գտնվում է բժիշկների հսկողության տակ։ Հաղորդվում է, որ նա միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին, խուսափել է գլխուղեղի ծանր վնասվածքներից, սակայն ունի երկարատև բուժման և վերականգնման կարիք։
Քննությունը շարունակում է պարզել, թե ինչպես է երեխան հայտնվել առանց պատշաճ հսկողության և ինչու է նա սխալմամբ մահացած ճանաչվել։
Source: https://news.am/hy/news/1047751