Արգենտինայում հետաքննում են 42-ամյա հրահանգիչ-օդաչու Լեանդրո Անդրես Բերտացոյի մահվան դեպքը, որն ուսումնական թռիչքի ժամանակ դուրս է թռել թեթև շարժիչավոր ինքնաթիռից, գրում է տեղական TN լրատվամիջոցը:

Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը Կորդովա նահանգում: Cessna 150 ինքնաթիռով թռիչքի ժամանակ ղեկին գտնվող հրահանգիչը, ըստ տեղեկությունների, 22-ամյա ուսանողուհուն ասել է. «Դու գիտես՝ ինչ անել, շարունակիր»։ Դրանից հետո նա հանել է ականջակալները, արձակել ամրագոտին, բացել ինքնաթիռի դուռը և լքել օդանավը։

Ուսանողուհին, որին լրատվամիջոցները նույնականացնում են միայն որպես Ռոսարիո, արդեն ուներ օդաչուի արտոնագիր, սակայն դեռևս չէր հավաքել բավարար քանակությամբ թռիչքային ժամեր ինքնուրույն թռիչքների համար: Չնայած պատահածին՝ նրան հաջողվել է պահպանել ինքնաթիռի կառավարումը և անվտանգ վայրէջք կատարել:

Իշխանություններն առգրավել են Ինքնաթիռը, հետաքննությամբ զբաղվում է Կորդովայի դաշնային դատարանը: Հրահանգչի արարքի պատճառները պաշտոնապես դեռ չեն հայտնվում:

Flying Parrot Córdoba թռիչքային դպրոցի տնօրեն Էդուարդո Ալվարեսը հայտնել է, որ դպրոցի աշխատակիցները միայն վերջերս են իմացել, որ Բերտացոն հոգեբուժական բուժում էր անցնում: Ըստ նրա՝ ոչ ոք չէր կասկածում օդաչուի՝ ինքնասպանություն գործելու հնարավոր մտադրության մասին։

Բերտացոն դպրոցում աշխատում էր շուրջ տասը տարի, ուներ կոմերցիոն օդաչուի արտոնագիր և նախկինում աշխատել էր նաև հարևան Չիլիում: Գործընկերները նրան բնութագրում են որպես բարեհամբույր մարդ և ասում, որ տեղի ունեցածն իրենց համար անսպասելի էր:

Վայրէջքից հետո ուսանողուհին եղել է ծանր հուզական վիճակում, սակայն, դպրոցի ղեկավարի խոսքով, ցուցաբերել է պատրաստվածության և պրոֆեսիոնալիզմի բարձր մակարդակ՝ բարդ իրավիճակում հաջողությամբ իրականացնելով վայրէջքը:

Source: https://news.am/hy/news/1048992