Lexus ընկերությունը պատրաստում է լեգենդար LFA սուպերմեքենայի էլեկտրական տարբերակը, որը պետք է պահպանի օրիգինալ մոդելի էմոցիոնալ բնույթը, սակայն առանց բենզինային շարժչի ձայնը պարզապես կրկնօրինակելու, հաղորդել է Autocar-ը։
Նոր LFA-ի նախատիպը առաջին անգամ շարժման մեջ ցուցադրվել է Գուդվուդի Արագության փառատոնում։ Ավտոմեքենան կդառնա V8 շարժիչով Toyota GR GT սուպերմեքենայի էլեկտրական համարժեքը և կկառուցվի նույն թեթև ալյումինե ճարտարապետության վրա։
Ակնկալվում է, որ նոր LFA-ն կդառնա առաջին սերիական Lexus-ը՝ պինդ էլեկտրոլիտային մարտկոցով։ Այս տեխնոլոգիան հնարավորություն է տալիս էներգիայի խտությունը մեծացնել՝ ժամանակակից լիթիում-իոնային մարտկոցների համեմատ, և պոտենցիալ բարելավել էլեկտրամեքենայի բնութագրերը։
Lexus-ի դիզայներները ձգտել են պահպանել օրիգինալ LFA-ի փիլիսոփայությունը՝ մինիմալիզմ, ֆունկցիոնալություն և ինժեներական լուծումների շեշտադրում։ Մշակողների խոսքով՝ նոր ավտոմեքենան չպետք է ագրեսիվ մրցարշավային ռումբ հիշեցնի, այլ ավելի շուտ շարունակի առաջին LFA-ի գաղափարը՝ որպես «արվեստի» և տեխնիկապես մանրակրկիտ մշակված ավտոմեքենա։
Նախագծի գլխավոր խնդիրը սուպերմեքենաների երկրպագուների վերաբերմունքն էլեկտրամեքենաների նկատմամբ փոխելն է։ Lexus-ում ընդունում են, որ շատ վարորդներ էլեկտրական սպորտմեքենաներն արհեստական են համարում՝ ներքին այրման շարժիչով մեքենաների ձայնն ու զգացողությունները նմանակելու փորձերի պատճառով։
«Մենք չենք ցանկանում պարզապես պատճենել շարժչի ձայնը։ Մենք ցանկանում ենք ստեղծել նոր հնչողություն»,- նշել են Lexus-ի ներկայացուցիչները։
Ընկերության ինժեներները կարծում են, որ էլեկտրաշարժիչներն ունեն առավելություններ, որոնց հասնել ավանդական շարժիչներով անհնար է՝ աքսելերատորի ոտնակի ակնթարթային արձագանք, բարձր սահունություն և հզորության ճշգրիտ կառավարում։
Միևնույն ժամանակ, Lexus-ը ընդունում է, որ էլեկտրամեքենաները կորցնում են էմոցիոնալ բաղադրիչի մի մասը՝ ձայնը, թրթռումները և մեխանիկական զգացողությունները։ Այդ պատճառով մշակողները ցանկանում են ոչ թե արհեստականորեն վերարտադրել հին զգացողությունները, այլ ստեղծել վարորդի և ավտոմեքենայի փոխազդեցության նոր ձևաչափ։
Նոր սերնդի սերիական Lexus LFA-ի մեկնարկը սպասվում է հաջորդ տարի։ Ընկերությունը հույս ունի, որ մոդելը կդառնա ապացույց, որ էլեկտրական սպորտմեքենան կարող է լինել ոչ միայն արագ, այլև էմոցիոնալ։
Source: https://news.am/hy/news/1049291