Ոչ այս պահին Նիկոլ Փաշինյանի հետ որևէ բան չենք քննարկել, որևէ բանի հետ կապված որևէ պայմանավորվածություն գոյություն չունի։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 2–ին, ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով իր հետագա քաղաքական կարիերային, երբ արդեն չի լինի ԱԺ նախագահ։

«Ես քաղաքականության մեջ կամ միայն ՔՊ–ի շրջանակում, միայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ընդհանրապես քաղաքական գործիչ Նիկոլ Փաշինյանի հետ աշխատելու տրամաբանության մեջ։ Ես ինձ երբևիցե չեմ տեսնում առանց Նիկոլ Փաշինյանի որևիցե քաղաքական պրոցեսում»,–ասաց նա։

Հարցին՝ արդյոք նեղվածության դրսևորում չէ, որ ինքը որոշել է չվերցնել պատգամավորի մանդատը, նա բացասական պատասխան տվեց. «Ես ունեմ անցած քաղաքական ճանապարհ, ես ավագանու անդամ էլ եմ եղել, պատգամավոր էլ եմ եղել և շատ բարձր եմ գնահատում պատգամավորի ինստիտուտը։ Չեմ համարում, որ սա նեղվածության արտահայտություն է, դա իմ որոշումն է»։

Ինչու ՔՊ թիմը իր նկատմամբ այդպիսի որոշում կայացրեց հարցի պատասխանը Ալեն Սիմոնյանը չունի. «Նման քննարկում տեղի չի ունեցել, ու եթե ես գտնեի, որ կա ինչ-որ պատճառ, ես չէի առաջադրվի։ Համարում եմ, որ նման խոսակցությունը տեղի չէ։ Տեսեք, վարչության անդամները իրենք բոլորը իրավազոր, բարձր պաշտոն ունեցող, քաղաքական պատմություն ունեցող քաղաքական կուսակցության ամենաբարձրագույն մարմնի ներկայացուցիչներ են, հիմա իրենց որոշումը այդպիսին է։ Ես էլ եմ շատ որոշումներ կայացրել, ասենք, ցուցակի մեջ մարդկանց ընդգրկելու, չընդգրկելու հետ կապված, կողմ եմ եղել ինչ-որ մարդկանց, ինչ-որ մարդկանց դեմ եմ եղել, ուստի կարծում եմ՝ ճիշտ չի նման քննարկման մեջ մտնելը»։

Ինչ վերաբերում է ՔՊ–ից դուրս գալու հավանականությանը, ԱԺ նախագահն ասաց. «Ես այդ կուսակցության ստեղծողներից եմ, ես քաղաքական պրոցեսի մաս եմ, քաղաքական պրոցեսի մաս մնալու եմ, ես մնալու եմ իմ ընկերների կողքին այնքան ժամանակ, որքան որ կկարողանամ ծառայել, այնքան ժամանակ, ինչքան իրենց պետք կլինեմ։ Եթե ինչ-որ տարբերակ, ինչ-որ առաջարկ կլինի, ես այդ առաջարկը կքննարկեմ»։

Source: https://news.am/hy/news/1047337