Գերմանիայի խոշոր ավտոարտադրողները 2026 թվականի երկրորդ եռամսյակում Չինաստանում գրանցել են վաճառքների կտրուկ անկում։ Ընկերությունների տվյալներով՝ ապրիլ-հունիսին Volkswagen, Mercedes-Benz, BMW և Porsche ավտոմեքենաների մատակարարումները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 30-41 տոկոսով, հայտնել է Associated Press-ը։
Առաջին կիսամյակի ընթացքում չինական շուկայում բոլոր չորս կոնցեռնների վաճառքները նվազել են ավելի քան 20 տոկոսով, ինչը բացասաբար է ազդել նրանց ֆինանսական արդյունքների վրա և մասամբ չեզոքացրել աճը մյուս տարածաշրջաններում։
Ամենամեծ անկումը գրանցել է Volkswagen-ը․ Չինաստանում վաճառքները կրճատվել են 36,6 տոկոսով՝ հասնելով 424,3 հազար ավտոմեքենայի։ Դա հանգեցրել է կոնցեռնի գլոբալ մատակարարումների 8,6 տոկոս նվազմանը՝ չնայած Եվրոպայում և Հյուսիսային ու Հարավային Ամերիկայում վաճառքների աճին։ Այդ ֆոնին ընկերությունը հայտարարել է Չինաստանում մոդելային շարքը գրեթե կիսով չափ կրճատելու ծրագրերի մասին։
Փորձագետներն անկումը կապում են ներքին պահանջարկի թուլացման, Չինաստանի տնտեսության դանդաղման, անշարժ գույքի շուկայի ճգնաժամի և ավտոարտադրողների միջև շարունակվող գնային պատերազմի հետ։ Ավելի ու ավելի շատ գնորդներ նախընտրում են տեղական բրենդների, առաջին հերթին՝ BYD-ի և այլ չինական ընկերությունների, ավելի մատչելի և տեխնոլոգիական ավտոմեքենաները։
Վերլուծաբանների գնահատմամբ՝ գերմանական արտադրողները հատկապես զիջում են մրցակիցներին էլեկտրամոբիլների հատվածում, որտեղ չինական բրենդները շարունակում են ամրապնդել իրենց դիրքերը ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկաներում։ Բացի այդ, տեղի ընկերությունները զգալիորեն ավելի արագ են թարմացնում մոդելային շարքերը, ինչը նույնպես ուժեղացնում է նրանց մրցակցային առավելությունը։
Source: https://news.am/hy/news/1049301