Կոպենհագենի համալսարանի նոր հետազոտությունն ուսումնասիրում է ռոմանտիկ հարաբերություններում անազնվության բարդ բնույթը՝ «անվնաս» ստից մինչև դավաճանություն։ Աշխատանքը ցույց է տալիս, որ զուգընկերների միջև սուտը գրեթե միշտ խաթարում է վստահությունը և մեծացնում լարվածությունը, սակայն որոշ դեպքերում այն կարող է անսպասելիորեն նպաստել հարաբերությունների ամրապնդմանը և կուտակված խնդիրների լուծմանը։

Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Personal Relationships ամսագրում։

Ատենախոսության շրջանակում հետազոտող Ռաչելե Մացինին վերլուծել է երեք ուսումնասիրությունների տվյալներ, որոնք ներառում էին հարցազրույցներ, լայնածավալ հարցումներ և զույգերի օրագրային գրառումներ։ Գիտնականները պարզել են, որ հարաբերություններում անազնվությունը հազվադեպ է լինում պատահական․ այն ներգրված է զուգընկերների միջև փոխազդեցության կայուն մոդելներում և հաճախ կրկնվում է որպես ընդհանուր հուզական ցիկլի մաս։

Ամենատարածված սցենարներից մեկը եղել է «արատավոր շրջանը», երբ մի զուգընկերն արձագանքում է մյուսի ստին սեփական անազնվությամբ, ինչը աստիճանաբար խորացնում է փոխադարձ անվստահությունը։ Մեկ այլ վարքագծային տեսակ, որը կոչվել է «դանդաղ բորբոքում», նկարագրում է իրավիճակներ, երբ սուտը սկզբում առաջացնում է թեթևացում կամ նույնիսկ հուզական վերելք, բայց ժամանակի ընթացքում հանգեցնում է մեղքի, ամոթի զգացման և հարաբերությունների վատթարացման։

Հետազոտությունը նաև առանձնացնում է անազնվության տարբեր ձևեր՝ լռությունից և բացահայտ ստից մինչև դավաճանություն, ինչպես նաև տարբեր դրդապատճառներ՝ ինքնապաշտպանություն կամ զուգընկերոջը պաշտպանելու փորձ։ Որոշ դեպքերում նման «պրոսոցիալական» անազնվությունը կարող է նվազեցնել հակամարտությունները և օգնել խուսափել հուզական ցավից։

Հետաքրքիր է, որ մի շարք իրավիճակներում սուտը զույգերի համար դառնում էր յուրատեսակ «տագնապի ազդանշան», որը ստիպում էր նրանց վերանայել հարաբերությունները և սկսել աշխատել կուտակված խնդիրների վրա։

Աշխատանքի առանձին մասը նվիրված է նրան, թե որքանով են զուգընկերները կարողանում ճանաչել սուտը։ Պարզվել է, որ առօրյա կյանքում անազնվությունը հանդիպում է համեմատաբար հազվադեպ՝ օրերի 20%-ից պակասում։ Սակայն երբ այն այնուամենայնիվ տեղի է ունենում, մարդիկ հաճախ կամ չեն նկատում դա, կամ սխալմամբ կասկածում են զուգընկերոջը խաբեության մեջ։

Ընդհանուր առմամբ, հետազոտությունն ընդգծում է, որ հարաբերություններում անազնվությունը առանձին դրվագներ չեն, այլ զույգի ներսում ավելի խորը և կայուն դինամիկաների արտացոլում, որոնք որոշում են վստահության մակարդակն ու միության կայունությունը։

Source: https://news.am/hy/news/1046397