Անկարան հանել է Երևանի հետ առևտրային սահմանափակումները՝ պաշտոնապես թույլատրելով երկկողմ բեռնափոխադրումների փաստաթղթերում Հայաստանը նշել որպես վերջնական նշանակման վայր և ծագման երկիր։ Այս նորությունը, որն արդեն արժանացել է ԵՄ-ի և ԱՄՆ-ի հավանությանը, Հայաստանում դիտարկել են որպես ուղիղ առևտրային կապերի հաստատման ուղղությամբ ձեռնարկված քայլ։ Այդուհանդերձ, սահմանների իրական բացման մասին խոսք դեռ չի գնում. ապրանքների ֆիզիկական տարանցումը նախկինի պես իրականացվելու է հարևան Վրաստանի տարածքով։ Այս որոշումը նաև չի վկայում Անկարայի դիրքորոշման մեղմացման մասին, որը շարունակում է Երևանի հետ հարաբերությունների կարգավորումն ուղղակիորեն կապել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հետ, գրում է DW-ն։
Այն մասին, որ Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի ընթացակարգային արգելքները հանվել են, մայիսի 13-ին հայտնել էր Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ սա անվանելով «լավ նորություն գործարարների համար»։ Նրա խոսքով՝ այժմ մաքսային առումով առևտուրը դարձել է ուղիղ՝ առանց երրորդ երկրներում փաստաթղթերի վերաձևակերպման անհրաժեշտության։
Նախկինում թուրքական օրենսդրությունը թույլ չէր տալիս Հայաստանը նշել որպես նշանակման երկիր։ Այս սխեման ընտրողների հետ հանդիպման ժամանակ մանրամասն պարզաբանել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով՝ Թուրքիայից եկող ապրանքները նախ փաստաթղթերով ձևակերպվում էին որպես արտահանում երրորդ երկիր, և միայն այնտեղից՝ վերաձևակերպումից հետո, ուղարկվում Հայաստան։ Այժմ, սակայն, մաքսային հայտարարագրերում հնարավոր է անմիջապես նշել հայաստանյան ստացողներին։
Ինչպես նշել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, մինչև վերջերս գործող՝ Վրաստանում տարանցիկ մաքսազերծման սխեման լրացուցիչ ֆինանսական բեռ էր դառնում բիզնեսի համար, ինչն էլ հանգեցնում էր հայ սպառողի համար ապրանքների թանկացմանը։ «Այսուհետ այդ մեխանիզմը չի կիրառվի»,- ասել է նախարարը՝ միևնույն ժամանակ հավելելով, որ ֆիզիկապես սահմանը դեռ փակ է, և տարանցումը կշարունակվի Վրաստանի տարածքով։ Նա պարզաբանել է, որ մաքսային առումով Թուրքիայից Հայաստան ներմուծումը «լինելու է ուղիղ»։ «Սա պետք է հանգեցնի գների նվազման»,- ընդգծել է նախարարը՝ վստահություն հայտնելով, որ ապագայում սահմանը կբացվի նաև բեռների ֆիզիկական տեղաշարժի համար։
Աշխատանքի նոր ձևաչափին պատրաստ լինելը հաստատել են նաև Հայաստանի գերատեսչական մարմինները։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) և էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել են բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքների ավարտի մասին։ Անկարայի կողմից հանդես է եկել Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Օնջու Քեչելին՝ նշելով, որ ուղիղ առևտրի մեկնարկը նախատեսվում է 2022 թվականից ի վեր, հավելելով, որ այն վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի արդյունք է։
Ինչպես է Բաքվի ստվերն ազդում գործընթացի վրա
Չնայած պաշտոնական կառույցների դրական ազդակներին՝ փորձագետները հորդորում են իրավիճակին նայել տարածաշրջանային աշխարհաքաղաքականության համատեքստում։ Անկարայի այս քայլը գրեթե հայելանման կրկնում է Ադրբեջանի վերջին մարտավարությունը, որը նույնպես օրինականացրել էր Երևանի հետ «ուղիղ» առևտրային հարաբերությունները՝ պահպանելով Վրաստանի տարածքով և առանց Հայաստանի հետ սահմանի անմիջական բացման իրականացվող ֆիզիկական լոգիստիկան։
Քաղաքագետ, «Հայկական նախագիծ» վերլուծական կենտրոնի նախագահ Արեգ Քոչինյանը կարծում է, որ քաղաքական բեկում դեռևս չի գրանցվել։ «Ըստ էության, Թուրքիան կրկին համակարգել է իր գործողությունները Ադրբեջանի հետ։ Բաքուն սկսել էր երկկողմ առևտուրը Հայաստանի հետ երրորդ երկրի տարածքով՝ ուղիղ փաստաթղթավորմամբ, և Անկարան պարզապես արեց աշխատանքի նույն փաստաթղթային մասը։ Քաղաքական առումով փոփոխություններ չկան։ Թուրքիան հետևում է ադրբեջանական օրինակին և, իմ կարծիքով, առաջ չի ընկնի ու կսպասի Բաքվի ազդակներին»,- DW-ի հետ զրույցում պարզաբանել է փորձագետը։ Սա, նրա կարծիքով, ակնառու կերպով ցույց է տալիս, որ Հայաստանի համար թուրքական ուղղությունն ինքնուրույն չէ, այլ շաղկապված է հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։
Թուրքիան՝ տնտեսական մարտահրավե՞ր, թե՞ այլընտրանք
Նույնիսկ փակ սահմանների և դիվանագիտական հարաբերությունների բացակայության պայմաններում Հայաստանի և Թուրքիայի միջև առևտուրը (թեկուզ միջնորդավորված) երբեք չի դադարել։ Հայաստանի վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականին Հայաստանում թուրքական ապրանքների ներմուծման ծավալը կազմել է 336 միլիոն դոլար, մինչդեռ հայկական արտահանումը եղել է չնչին՝ ընդամենը 0,4 միլիոն դոլար (նվազելով 2023 թվականի 6,4 միլիոն դոլարի համեմատ)։
Հայ-թուրքական սահմանի հնարավոր լիարժեք բացումը Երևանում դիտարկվում է ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական համատեքստում։ Թուրքական 90 միլիոնանոց շուկան կարող է այլընտրանք դառնալ Հայաստանի տնտեսական կապերի դիվերսիֆիկացման և ռուսական շուկայից ունեցած կախվածության նվազեցման համար՝ հատկապես տեղական գյուղմթերքի արտահանման մասով։ Ի դեպ, հայկական կողմի այս խոցելիությանն ապրիլի 1-ի հանդիպմանը բացահայտորեն անդրադարձել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում հստակ թվերով մատնանշելով Հայաստանից Ռուսաստան արտահանվող գյուղատնտեսական ապրանքների տարեկան ծավալները։
Այդուհանդերձ, փորձագետները կասկածում են, որ թուրքական շուկան ի զորու է լիարժեք այլընտրանք դառնալ ռուսականին։ «Ամբերդ» հետազոտական կենտրոնի գիտաշխատող, տնտեսագետ Աննա Փախլյանի կարծիքով՝ հայկական արտահանման կառուցվածքում չկան այնպիսի մրցունակ ապրանքներ, որոնք Թուրքիան չի կարող ինքնուրույն արտադրել կամ ապահովել։ «Քանի որ երկու երկրներն էլ գտնվում են կլիմայական նման պայմաններում, նրանց գյուղատնտեսական ապրանքների տեսականին մեծամասամբ համընկնում է»,- DW-ին հայտնել է հայ-թուրքական առևտրային հարաբերությունների հետազոտությամբ զբաղվող Փախլյանը։ Միևնույն ժամանակ, որպես լուրջ խոչընդոտ, նա մատնանշել է կանխատեսելի իրավական դաշտի և խաղի հստակ կանոնների բացակայությունը։
Հիշեցնելով, որ Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Հայաստանի անդամակցության ժամանակ Թուրքիան պաշտոնական վերապահում է արել՝ հրաժարվելով կազմակերպության կանոնները կիրառել Երևանի նկատմամբ, տնտեսագետը նկատել է, որ դա արձակում է Անկարայի ձեռքերը մաքսատուրքերի կամայական կիրառման հարցում։ «Թուրքիան կարող է ցանկացած պահի, բացարձակապես կամայականորեն առևտրային արգելքներ ներդնել կամ ցանկացած չափի մաքսատուրքեր սահմանել»,- պարզաբանել է Փախլյանը։
Այս տնտեսական հավասարման մեջ, նրա գնահատականներով, նույնիսկ ամենալավատեսական սցենարի դեպքում Հայաստանին սպասվում է Թուրքիայի հետ ապրանքաշրջանառության «վրացական մոդելը», որտեղ առևտրի ծավալի շուրջ 90%-ը կկազմի թուրքական ներմուծումը, և միայն 10%-ը բաժին կընկնի արտահանմանը։ «Պատահական չէ, որ հայկական ապրանքների հանդեպ Թուրքիայի ավանդական հետաքրքրությունը միշտ սահմանափակվել է միայն չմշակված կաշվով և մորթով (կոշիկի արտադրության համար)»,- եզրափակել է տնտեսագետ Փախլյանը։
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման երկար ճանապարհը
Երևանի և Անկարայի միջև դիվանագիտական հարաբերությունները բացակայում են դեռևս 1991 թվականից, իսկ 1993-ին՝ Ղարաբաղյան առաջին պատերազմի օրերին, Թուրքիան՝ ի նշան Ադրբեջանի հետ համերաշխության, միակողմանիորեն փակել է Հայաստանի հետ ցամաքային սահմանը։ Երկկողմ հարաբերությունների վրա պատմական ծանր հետք են թողել Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունները, որոնք Հայաստանն ու միջազգային հանրության զգալի մասը (ներառյալ Գերմանիան) որակում են որպես Ցեղասպանություն, մինչդեռ Անկարան կատեգորիկ մերժում է այս փաստը։
Վերջին 30 տարիների ընթացքում հաշտեցման մի քանի անհաջող փորձերից հետո կարգավորման ներկայիս գործընթացը մեկնարկել է 2021 թվականի վերջին։ 2023 թվականի հունվարի 1-ից գործարկվել են ուղիղ օդային բեռնափոխադրումները։ Այդուհանդերձ, մի շարք առանցքային պայմանավորվածություններ, ինչպիսիք են երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար ցամաքային սահմանի բացումը, մինչ օրս մնում են թղթի վրա։ Կողմերը դեռևս քննարկում են Գյումրի-Կարս երկաթգծի գործարկումը, իսկ մայիսի սկզբին արձանագրություն են ստորագրել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ, սակայն գործնական աշխատանքների մեկնարկի ժամկետները դեռևս հստակեցված չեն։
Այսօր Հայաստանում շատերն են հարց տալիս՝ արդյո՞ք Անկարայի այս որոշումը սահմանների վերջնական բացման նախանշանն է, թե՞ ընդամենը մարտավարական դիվանագիտական քայլ։ Քաղաքագետ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախկին գլխավոր խորհրդական Արսեն Խարատյանը հակված է երկրորդ տարբերակին։ Նա Թուրքիայի այս որոշումը որակում է որպես «կոսմետիկ քայլ», որի նպատակն է «գլխավորապես արտաքին խաղացողների համար» ցույց տալ գործընթացի առկայությունը։
«Վերջին երկու տարվա ընթացքում այն առանցքային պայմանավորվածությունները, որոնց շուրջ եղել էին նախնական համաձայնություններ (օրինակ՝ երրորդ երկրների քաղաքացիների համար սահմանի բացումը), այդպես էլ կյանքի չեն կոչվել։ Սա ավելի շատ PR քայլ է՝ առաջընթացի պատրանք ստեղծելու համար, և պարտադիր չէ, որ դրան հաջորդի սահմանի բացումը. այս երևույթները ուղղակիորեն կապված չեն միմյանց հետ»,- DW-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Արսեն Խարատյանը։
Source: https://news.am/hy/news/1036807
Armenia
Անկարան համագործակցում է Բաքվի հետ. ի՞նչ է կանգնած Հայաստանի վերաբերյալ նոր որոշման հետևում․ DW
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։