Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելն ընդունել է, որ իր կառավարման տարիներին Գերմանիայի պաշտպանության ծախսերը բավականաչափ արագ չեն աճել։ Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) թերթին տված հարցազրույցում նա նաև հայտարարել է, որ աջակցել է պարտադիր զինվորական ծառայության գաղափարին և հանդես է գալիս Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններին եվրոպացի ներկայացուցիչների մասնակցության օգտին։
«Ես ճիշտ չեմ համարում, որ Ռուսաստանի հետ կապերի պահպանման խնդիրը բացառապես ստանձնեն Միացյալ Նահանգները… Չէ՞ որ այս խնդիրը ամենաուղղակի կերպով առնչվում է նաև Եվրոպայի շահերին», — հայտարարել է Գերմանիայի կառավարության նախկին ղեկավարը։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ բանակցություններին հնարավոր մասնակցության վերաբերյալ որոշումները պետք է կայացնեն գործող քաղաքական գործիչները, և ինքը մտադիր չէ միջամտել այդ գործընթացին։
Նա նաև նշել է. «Եվրոպայի ուժն ու ինքնիշխանությունը նույն մեդալի երկու կողմերն են՝ պաշտպանունակությունն ու դիվանագիտությունը։ Դիվանագիտությունը նույնպես պետք է կարևորագույն դեր խաղա»։
Պատասխանելով այն հարցին, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հնարավոր հեռացումը Եվրոպայից Ռուսաստանի՝ Ուկրաինայի դեմ պատերազմի ֆոնին, Մերկելը հայտարարել է. «Մենք այլևս չենք կարող հենվել ընդհանուր արժեքային հիմքի վրա, ինչպես նախկինում էր։ Սա էականորեն թուլացնում է այն միասնությունը, ինչը մենք սովոր էինք կոչել «Արևմուտք»։ Չինաստանը, անկասկած, հետաքրքրությամբ հետևում է դրան»։
Նա հավելել է, որ Թրամփի արտաքին քաղաքականությունը եվրոպացի առաջնորդներին ստիպում է ավելի հստակ ձևակերպել սեփական շահերը, նույնիսկ եթե դրանք տարբերվում են ամերիկյան շահերից։
Մեկնաբանելով իր կանցլերության շրջանում պաշտպանական ծախսերի անբավարար աճի համար Գերմանիային հասցեագրված քննադատությունը՝ Մերկելը հղում է արել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման անհրաժեշտությանը, սակայն խոստովանել է. «հետադարձ հայացքով պետք է ընդունել, որ այդ փոփոխությունների տեմպերը անբավարար էին»։
Նա նաև ընդունել է, որ իր միգրացիոն քաղաքականությունը նպաստել է աջ պոպուլիստական «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցության ժողովրդականության աճին։ «AfD-ն առաջացավ եվրոգոտու ճգնաժամի շրջանում իմ վարած քաղաքականության ֆոնին… Անկասկած, իմ որոշումն իսկապես նպաստեց AfD-ի վարկանիշների նոր աճին», — նշել է Մերկելը։
Նա հավելել է, որ չի աջակցում ներկայիս կառավարության կողմից կիրառվող սահմանային վերահսկողության պրակտիկային, սակայն դրական է գնահատում Եվրոպական միության մակարդակով միգրացիոն քաղաքականության համակարգման ուժեղացումը՝ ընդգծելով, որ հենց նման առաջընթաց կցանկանար տեսնել նաև իր պաշտոնավարման շրջանում, տեղեկացնում է «Deutsche Welle»-ն։
Source: https://news.am/hy/news/1041530