Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 02:50-ի սահմաններում Արալեզ գյուղի բնակիչ 16-ամյա Գոռ Գ.-ն իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով Արալեզ գյուղի Խանջյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, հարվածել ճամփեզրի գազատար խողովակի հենասյուներին և կողաշրջված հայտնվել բետոնե ջրատարում, հաղորդում է Shamshyan.com–ը։

Վթարի հետևանքով Գոռ Գ.-ն, նրա համագյուղացիներ 16-ամյա Գարիկ Կ.-ն, 16-ամյա Նարեկ Ծ.-ն տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վեդիի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Source: https://news.am/hy/news/1042465