ԱՄՆ զինված ուժերը մեկ շաբաթվա ընթացքում երրորդ հարվածաշարքն են իրականացրել Իրանի տարածքում գտնվող օբյեկտների դեմ։
Ինչպես հայտնել են Պենտագոնում, գործողությունը պատասխանն է եղել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) կողմից Օրմուզի նեղուցում քաղաքացիական նավի վրա իրականացված հարձակմանը, հաղորդում է CBS News։
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ արևելյան ժամանակով մոտ 19:15-ին Իրանը հարձակվել է M/V GFS Galaxy բեռնարկղային նավի վրա, որը նավարկում է Կիպրոսի դրոշի ներքո։
Հարվածի հետևանքով նավի վրա հրդեհ է բռնկվել։ Քաղաքացիական նավի անձնակազմի անդամներից մեկը համարվում է անհետ կորած։ Նավը նաև լուրջ վնասներ է ստացել և կորցրել է ընթացքը շարունակելու հնարավորությունը։
CENTCOM-ում հայտարարել են, որ Իրանին «տրամադրվել էր փոխըմբռնման հուշագրի պահպանումը ցուցադրելու հերթական հնարավորությունը այն բանից հետո, երբ նա արդեն պատասխանատվության էր ենթարկվել առևտրային նավերի վրա նախորդ հարձակումների համար»։ Ամերիկյան կողմի վարկածով՝ Թեհրանը կրկին չի կատարել իր ստանձնած պարտավորությունները, ուստի ԱՄՆ-ը հերթական հարվածն է հասցրել Իրանի տարածքին։
Source: https://news.am/hy/news/1049330