ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM) հայտնել է Իրանի դեմ շաբաթվա ընթացքում իրականացված հարվածների երրորդ շարքի ավարտի մասին։ Ամերիկացի զինվորականների պնդմամբ, գործողությունը պատասխանն էր վերջերս Հորմուզի նեղուցում Կիպրոսի դրոշի ներքո ընթացող կոնտեյներատար նավի վրա իրանական ուժերի հարձակմանը։

CENTCOM-ում հայտարարել են, որ վերջին գործողության ընթացքում խոցվել է շուրջ 140 ռազմական օբյեկտ, այդ թվում՝ հրթիռային և անօդաչու համակարգեր, ռազմածովային օբյեկտներ, զինամթերքի պահեստներ, կապի ցանցեր և ափամերձ դիտարկման կետեր։

Ամերիկյան հրամանատարության տվյալներով, այս շաբաթվա երեք գիշերների ընթացքում ԱՄՆ-ն հարվածներ է հասցրել ավելի քան 300 թիրախի։ Վաշինգտոնում պնդում են, որ գործողության նպատակն էր սահմանափակել Իրանի հնարավորությունները՝ հարձակվելու քաղաքացիական նավերի և Հորմուզի նեղուցով անցնող առևտրային նավերի վրա։

Բացի այդ, CENTCOM-ը հայտարարել է, որ մայիսի սկզբից ամերիկացի զինվորականներն ապահովել են նեղուցով ավելի քան 800 առևտրային նավերի անվտանգ անցումը, որոնք ընդհանուր առմամբ տեղափոխել են մոտ 400 մլն բարել նավթ։

Source: https://news.am/hy/news/1049333