ԱՄՆ վարչակազմը քննարկում է Հորմուզի նեղուցով նավթատար տանկերների տեղաշարժը վերականգնելու քայլերը, այդ թվում՝ ամերիկյան ռազմական նավերի հսկողությամբ նավերի վճարովի անցում սահմանելու հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Politico թերթը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Պարբերականի տվյալներով՝ Սպիտակ տանը փնտրում են տարբերակներ, որոնք կհամոզեն նավատերերին ու ապահովագրական ընկերություններին կրկին օգտագործել Հորմուզի նեղուցի երթուղին՝ ԱՄՆ-ի և Իրանի միջև շարունակվող բանակցությունների ֆոնին։ Քննարկվող առաջարկներից մեկը նավերին յուրօրինակ «VIP անցագիր» տրամադրելն է, ինչը ենթադրում է հավելյալ վճարի դիմաց արագացված անցում նեղուցով, որը հնարավոր է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավերի ուղեկցությամբ։ Ինչպես նշում է Politico-ն, վերջնական որոշում դեռ չի կայացվել։

Kpler վերլուծական ընկերության տվյալներով՝ Պարսից ծոցում՝ Հորմուզի նեղուցի մուտքի մոտ, շարունակում է մնալ շուրջ 500 նավ, այդ թվում՝ արագ անցման սպասող 220 նավթատար տանկեր։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, թե Հորմուզի նեղուցը նորից բաց է նավագնացության համար, սակայն շատ նավատերեր դեռևս զգուշավորություն են ցուցաբերում՝ վախենալով տարածաշրջանում իրավիճակի նոր էսկալացիայից։ Մինչև ճգնաժամն այս նեղուցով է անցել նավթի համաշխարհային մատակարարումների մոտ 20%-ը։

Source: https://news.am/hy/news/1044060