ԱՄՆ-ը ընդլայնում է նարկոկարտելների դեմ ռազմական արշավը․ ծովում թմրանյութերով բեռնված նավերի վրա հարձակումներից հետո Վաշինգտոնը ծրագրում է խմբավորումների դեմ համատեղ գործողություններ նաև ցամաքում։ Ամերիկյան նախաձեռնության նոր գործընկերը դարձել է Կոլումբիան՝ աշխարհում կոկաինի խոշորագույն արտադրողը։
ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը հայտարարել է, որ Կոլումբիան միացել է Americas Counter Cartel Coalition կոալիցիային, որը միավորում է երկրներ նարկոկարտելների դեմ պայքարի համար, փոխանցում է Bild-ը։ Նրա խոսքով՝ ծրագրի նպատակը «նարկոահաբեկչությանը» հակազդելն է համատեղ ռազմական գործողությունների միջոցով։
«Մենք ի վիճակի կլինենք ուժ կիրառել նարկոկարտելների և ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների դեմ», — հայտարարել է Հեգսեթը։
Կոլումբիայի պաշտպանության նախարար Խորխե Մորան հաստատել է ԱՄՆ-ի հետ համաձայնագրի կնքումը։ Նրա խոսքով՝ այն պետք է բարձրացնի «ահաբեկչական և հանցավոր կազմակերպությունների» դեմ գործողությունների արդյունավետությունը։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնի և Բոգոտայի հարաբերությունները նկատելիորեն բարելավվել են աջակողմյան նախագահ Աբելարդո դե լա Էսպրիելյայի իշխանության գալուց հետո․ նրա նախորդի՝ Գուստավո Պետրոյի օրոք, դրանք զգալիորեն ավելի լարված էին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրել էր նարկոկարտելների դեմ պայքարի նոր ռազմավարություն, որը հայտնի է որպես The Shield of the Americas։ Այս քաղաքականության շրջանակում ԱՄՆ-ն արդեն աջակցել էր Էկվադորում նարկոթրաֆիքինգով զբաղվողների դեմ ռազմական գործողություններին։
Source: https://news.am/hy/news/1055214