ԱՄՆ-ն բախվել է վոլֆրամի լուրջ դեֆիցիտի. սա այն հիմնական մետաղն է, որն անհրաժեշտ է հրթիռների, արկերի և այլ ռազմական տեխնիկայի արտադրության համար։ Այս մասին հայտնում է «NBC News»-ը։

Խնդիրն էլ ավելի է սրվել Իրանի հետ հակամարտության ընթացքում սպառազինության զանգվածային օգտագործումից հետո։ Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները շարունակում է կախվածության մեջ մնալ Չինաստանից, որն արտադրում է համաշխարհային վոլֆրամի ավելի քան 80%-ը։ 2015 թվականից ի վեր ԱՄՆ-ում վոլֆրամի և ոչ մի սեփական հանքավայր չի գործում։

Դոնալդ Թրամփի վարչակազմը փորձում է նվազեցնել չինական ներկրումից ունեցած կախվածությունը, սակայն ենթակառուցվածքների և մասնագետների պակասի պատճառով ոլորտի արագ վերականգնումն անհնար է։

Փորձագետների գնահատմամբ՝ զինամթերքի պաշարների վերականգնումը կարող է տևել մինչև չորս տարի։ Այս ճգնաժամի ֆոնին Չինաստանն արդեն արտահանման սահմանափակումներ է մտցրել վոլֆրամի և հազվագյուտ այլ միներալների համար, ինչը հանգեցրել է գների բարձրացման։

«Almonty Industries» ընկերության ղեկավար Լյուիս Բլեքը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կորցրել է իր հմտությունները այս ոլորտում. «Այս ամբողջ գիտելիքն ու փորձը մահացել են դեռ 90-ականներին»։

Source: https://news.am/hy/news/1038489