Ինչպես հաղորդում է AFP-ն, Միացյալ Նահանգները ուրբաթ օրը հայտարարել է «իրանական բարդ ցանցի չեզոքացման» մասին, որը, Վաշինգտոնի պնդմամբ, օգտագործվում էր ռազմական նշանակության կարևոր տեխնոլոգիաներ ձեռք բերելու համար։

Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թոմմի Փիգոթի խոսքով՝ այս ցանցը «ներկայացել է այլ ընկերությունների անվան տակ և խաբեությամբ միլիոնավոր դոլարներ կորզել ամերիկյան տասնյակ տեխնոլոգիական ընկերություններից»։ Նպատակն է եղել Իրանի պաշտպանական ոլորտի համար ձեռք բերել առաջադեմ սարքավորումներ, այդ թվում՝ սպեկտրի վերլուծիչներ և անվտանգության համակարգերի հայտնաբերման սարքեր։

Հայտարարության մեջ ընկերությունների անունները չեն նշվում։ Հայտնի է միայն, որ կիրառվել են ամերիկյան իրական ֆիրմաներ ձևացող կեղծ կայքեր և միջնորդներ՝ սարքավորումները ձեռք բերելու ու ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելով Իրան գաղտնի տեղափոխելու համար։

Պետդեպարտամենտի պնդմամբ՝ ցանցը ղեկավարել է Իրանի քաղաքացի Ալի Մաջդ Սեփեհրը։

Ավելի վաղ՝ հինգշաբթի օրը, Պետդեպարտամենտը 15 միլիոն դոլար պարգևատրում էր հայտարարել այն տեղեկատվության համար, որը կօգնի «խափանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» (ԻՀՊԿ) և դրա կառույցների «ֆինանսական մեխանիզմները»։

Այս հայտարարությունների ֆոնին Սպիտակ տունը նաև հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի հետ պատերազմի ավարտի մասին համաձայնագիրը կստորագրի միայն իր բոլոր պահանջների կատարման դեպքում, ընդ որում՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցությունների շուրջ անորոշությունը դեռևս պահպանվում է։

Source: https://news.am/hy/news/1039546