ԱՄՆ կառավարությունն առաջին անգամ պետական գերատեսչությունների այն աշխատակիցներին, որոնք տուժել են այսպես կոչված «Հավանայի համախտանիշից»՝ խորհրդավոր նյարդաբանական հիվանդությունից, որի մասին 2016 թվականից հայտնում էին ամերիկացի դիվանագետները, հատուկ ծառայությունների աշխատակիցները և նրանց ընտանիքների անդամները, վճարել է գրեթե 3 մլն դոլարի փոխհատուցում, հայտնել է BBC News-ը։

Վճարումները կատարվել են 2021 թվականին ընդունված Havana Act օրենքի շրջանակում։ ԱՄՆ պաշտպանության նախարարությունում հայտնել են, որ կշարունակեն առաջնահերթ ուշադրություն դարձնել տուժածներին օգնություն ցուցաբերելուն։

Համախտանիշին բախված մարդիկ հայտնել են անսովոր ախտանիշների մասին, այդ թվում՝ բզզոց, բվվոց, սուլոց և ճռճռոց, գլխում ուժեղ ճնշման զգացում, գլխապտույտ, սրտխառնոց և ուշադրության կենտրոնացման խնդիրներ։

Հիվանդության առաջին դեպքերը գրանցվել էին Հավանայում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցների շրջանում, որից հետո նմանատիպ ախտանիշներ սկսեցին արձանագրել այլ երկրներում, այդ թվում՝ Չինաստանում աշխատող ամերիկացի դիվանագետների և հետախույզների մոտ։

Երկար տարիներ քննարկվում էր այն վարկածը, որ «Հավանայի համախտանիշի» պատճառը կարող էին լինել օտարերկրյա պետության կիրառած միկրոալիքային կամ այլ ուղղորդված էներգետիկ ազդեցությունները։ Սակայն 2025 թվականին ամերիկյան հետախուզական գերատեսչությունների մեծ մասը եզրակացրել է, որ նման սցենարը «ծայրահեղ անհավանական է»։

Միևնույն ժամանակ, Ազգային հետախուզական խորհրդի զեկույցում ընդգծվել է, որ իշխանությունները կասկածի տակ չեն դնում տուժածների կրած ախտանիշների իրական լինելը։ Հետախուզական համայնքի գնահատմամբ՝ աշխատակիցներն իսկապես ունեցել են ցավոտ և տրավմատիկ ֆիզիկական դրսևորումներ, նույնիսկ եթե դրանց ծագումը մինչ օրս չի պարզվել։

Source: https://news.am/hy/news/1049299