ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքի իր դաշնակից երկրներին չի ծանուցել Հորմուզի նեղուցում անվտանգության ապահովման դիմաց նավերից վճար գանձելու մտադրության մասին, դրա մասին Axios պարբերականին հայտնել է Պարսից ծոցի երկրների բարձրաստիճան աղբյուրը։
Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ-ը տարածշրջանային դաշնակիցների հետ չի քննարկել Հորմուզի նեղուցի անվտանգության համար վճար գանձելու հնարավորության հարցը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հուլիսի 13-ին ազդարարել էր այս վճարների ներդրումը, ինչպես նաև հայտարարել իրանական նավահանգիստների շրջափակումը վերսկսելու մասին։ Սակայն, պորտալի տվյալներով, այն դեռևս ուժի մեջ չի մտել՝ նախքան այս միջոցի կիրառումը նավատերերին 24 ժամ առաջ իրազեկելու պահանջի պատճառով։ Անանուն ամերիկացի պաշտոնյան Axios-ին հայտնել է, որ ԱՄՆ ԶՈւ Կենտրոնական հրամանատարությունը հուլիսի 13-ի երկրորդ կեսին կներկայացնի շրջափակումն ուժի մեջ մտցնելու ժամանակացույցը։
Ռազմական պաշտոնյան պարբերականին հայտնել է, որ ԱՄՆ-ը ծրագրում է ևս մի քանի օր հարվածներ հասցնել Հորմուզի նեղուցի շրջանում և Իրանի ափամերձ գոտուն՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հարձակողական հնարավորությունները նվազեցնելու նպատակով։ Նա հավաստիացրել է նաև, որ նեղուցով անցնող հարավային ուղին՝ Օմանի մոտակայքով, բաց է, և առնվազն 20 նավ անցել է այն ԱՄՆ-ի հետ համակարգմամբ, ևս մի քանի նավ՝ ինքնուրույն։
Սակայն ավելի վաղ CNN-ը, հղում անելով Kpler ընկերության տվյալներին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև հարվածների վերսկսման հետնապատկերին նավերը գրեթե դադարեցրել են օգտվել Օմանի ափերով անցնող ուղիներից կամ նեղուցի մեջտեղով անցնող այն երթուղուց, որը սահմանել է Միջազգային ծովային կազմակերպությունը։
Source: https://news.am/hy/news/1049622