ԱՄՆ-ում անցկացվում են Անկախության օրվան նվիրված լայնածավալ միջոցառումներ, որը այս տարի նաև դառնում է երկրի 250-ամյակին (Semiquincentennial) նախապատրաստության մաս, հայտնում է NBC News-ը։

Ամբողջ երկրով մեկ՝ Ֆիլադելֆիայում, Բոստոնում, Նյու Յորքում և Վաշինգտոնում, անցկացվում են խոշոր տոնական միջոցառումներ, որոնք խորհրդանշում են պետականության հոբելյանին մնացած մեկ տարվա հետհաշվարկի սկիզբը։

Միևնույն ժամանակ տոնակատարություններն անցկացվում են ծայրահեղ եղանակային պայմանների ֆոնին։ Մոտ 150 միլիոն մարդ գտնվում է ուժեղ շոգի մասին նախազգուշացումների ներքո։

Ռեկորդային բարձր ջերմաստիճաններն արդեն հանգեցրել են տարբեր նահանգներում մի շարք բացօթյա միջոցառումների չեղարկման՝ լրացուցիչ դժվարություններ ստեղծելով զանգվածային տոնակատարությունների կազմակերպիչների համար։

Իրավիճակը բարդացնում են նաև եղանակային փոփոխությունները․ ԱՄՆ-ի արևելյան ափին մոտենում են ամպրոպներ, որոնց պատճառով Վաշինգտոնի Ազգային պուրակում հետաձգվել են «Salute to America» շարքի միջոցառումները։

Չնայած դրան՝ ամբողջ երկրով մեկ ավանդական հրավառություններ են սպասվում միլիոնավոր մարդկանց։ Խոշորագույն շոուներից են Նյու Յորքում Macy’s-ի տոնական հրավառությունը, Boston Pops Fireworks Spectacular համերգն ու հրավառությունը, ինչպես նաև Վաշինգտոնում «Salute to America 250» միջոցառումները և Չիկագոյի Navy Pier-ում պատմության մեջ ամենախոշոր հրավառությունը։

Տոնի քաղաքական ֆոնը նույնպես մնում է նկատելի։ Սպասվում է, որ Վաշինգտոնում միջոցառումների գլխավոր հյուրը կլինի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Միևնույն ժամանակ Մերիլենդ նահանգի նահանգապետ Ուես Մուրը Անապոլիսում հանդես է եկել այլընտրանքային տոնական ուղերձով, ինչը դարձել է Անկախության օրվա դեմոկրատական քաղաքական հակածրագրավորման մաս։

Source: https://news.am/hy/news/1047898