Հուլիսի 4-ից ԱՄՆ-ում պաշտոնապես սկսել է գործել Trump Account ծրագիրը, որի շրջանակում ծնողները, խնամակալները, գործատուները և այլ անձինք կարող են երեխաների համար բացել հատուկ ներդրումային հաշիվներ հարկային արտոնություններով երկարաժամկետ խնայողությունների համար։

Անցյալ տարի ընդունված One Big Beautiful Bill Act օրենքին համապատասխան ստեղծված ծրագիրը նախատեսում է, որ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև 2028 թվականի դեկտեմբերի 31-ը ծնված երեխաները, հաշիվը բացելուց հետո, ԱՄՆ ֆինանսների նախարարությունից կստանան 1 000 դոլարի սկզբնական մուծում, որը կներդրվի ֆոնդային շուկայում, հայտնել է CBS News-ը։

Հաշիվները նախատեսված են մինչև 18 տարեկան երեխաների համար և պետք է օգնեն նրանց չափահաս դառնալու պահին ձևավորել խնայողություններ։ Մինչև 18 տարին լրանալը միջոցները ներդրվում են ինդեքսային փայատիրական կամ բորսայական ֆոնդերում, որոնք հետևում են խոշոր ֆոնդային ինդեքսներին, օրինակ՝ S&P 500-ին։ Դրանից հետո հաշիվը կգործի ավանդական անհատական կենսաթոշակային հաշվի սկզբունքով։

Առանց պետական մուծման և բարեգործական նվիրատվությունների հաշվառման՝ յուրաքանչյուր երեխայի համար հաշվին կարելի է մուծել տարեկան մինչև 5 000 դոլար։ Գործատուների մուծումները սահմանափակվում են տարեկան 2 500 դոլարով և հաշվարկվում են ընդհանուր սահմանաչափի մեջ։

Որպես կանոն, մինչև 18 տարին լրանալը միջոցներից օգտվել հնարավոր չէ։ Չափահաս դառնալուց հետո գումարը կարելի է թողնել հաշվին կամ օգտագործել որոշակի նպատակներով, ներառյալ կրթության վճարումը, բնակարանի ձեռքբերումը կամ սեփական բիզնեսի բացումը։ Եթե միջոցներն օգտագործվեն ոչ նպատակային մինչև 59,5 տարեկանը, նախատեսվում է 10 տոկոս տուգանք՝ ավանդական կենսաթոշակային հաշիվների կանոնների նման։

ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով՝ այս պահին ծրագրում արդեն գրանցվել է մոտ 6 միլիոն մարդ։ Բացի այդ, մի շարք խոշոր ընկերություններ, այդ թվում՝ Dell Technologies-ը, Bank of America-ն, JPMorgan Chase-ը և Micron Technology-ն, հայտարարել են հաշիվները լրացուցիչ ֆինանսավորելու մտադրության մասին, իսկ ձեռնարկատերեր Մայքլ Դելը և Սյուզան Դելը խոստացել են հատկացնել 250-ական դոլար՝ մինչև 2025 թվականը ծնված և պետական սկզբնական մուծում ստանալու իրավունք չունեցող 25 միլիոն ամերիկացի երեխաների համար։

Source: https://news.am/hy/news/1047885