ԱՄՆ դաշնային դատախազությունը երեքշաբթի մեղադրանք է առաջադրել հնդկական կազմակերպված հանցավորության ամենահայտնի պարագլուխներից մեկին՝ Լոուրենս Բիշնոյին և նրա ութ ենթադրյալ համախոհներին։ Քննության վարկածով՝ նրանք առնչություն ունեն 2023 թվականին Կանադայում սիկհ անջատողականների առաջնորդ Հարդիպ Սինգհ Նիջարի սպանության հետ, հայտնում է CBS News-ը:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Լոուրենս Բիշնոյը և ևս մեկ մեղադրյալ կազմակերպել են Նիջարի սպանությունը, որը գնդակահարվել էր 2023 թվականի հունիսի 18-ին Բրիտանական Կոլումբիա նահանգի Սուրեյ քաղաքի սիկհական տաճարի մոտ։ Նիջարը Հնդկաստանի հյուսիսում Խալիստան անկախ սիկհական պետության ստեղծման հայտնի կողմնակից էր։ Հնդկաստանի իշխանությունները ավելի վաղ նրան ահաբեկիչ էին ճանաչել այդ գործունեության պատճառով։
Քննությունը պնդում է, որ սպանության անմիջական կատարողներն են դարձել հանցավոր դավադրության երկու այլ մասնակիցներ, որոնց անունները չեն բացահայտվում։ Միաժամանակ, ինչպես նշվում է գործի նյութերում, հարձակման պատասխանատվությունը հետագայում հրապարակայնորեն ստանձնել է Լոուրենս Բիշնոյը։
Մեղադրական եզրակացության մեջ ասվում է նաև, որ, չնայած 2015 թվականին Հնդկաստանում ձերբակալվելուն, Բիշնոյը շարունակել է բանտից ղեկավարել միջազգային հանցավոր ցանցը։ Դատախազության տվյալներով՝ օգտագործելով ապօրինի կերպով ներս բերված բջջային հեռախոսներն ու ինտերնետ կապը՝ նա համակարգել է քաղաքական սպանություններ, պատվիրված սպանություններ, զինված հարձակումներ, շորթումներ, մարդկանց առևանգումներ, թմրամիջոցների վաճառք, ներգաղթյալների մաքսանենգություն և այլ հանցագործություններ, որոնք իրականացրել են Լոուրենս Բիշնոյի կազմակերպված հանցավոր խմբավորման մասնակիցներն ամբողջ աշխարհում։
Ըստ քննության վարկածի՝ Բիշնոյի մանկության ընկեր Սատինդերջիտ Սինգհ Բրարը ղեկավարել է խմբավորման գործունեությունը Հյուսիսային Ամերիկայում և նույնպես մասնակցություն է ունեցել Նիջարի սպանության կազմակերպմանը։
Նիջարի սպանությունից հետո մեկ այլ հայտնի սիկհ անջատողական և նրա մոտ զինակից Գուրպատվանտ Սինգհ Պանունը մահափորձի թիրախ է դարձել Նյու Յորքում։ Սակայն, ինչպես հայտարարում են ամերիկյան իշխանությունները, այդ դավադրությունը կանխել է ՀԴԲ-ն։
Ավելի վաղ ԱՄՆ-ի և Կանադայի իրավապահ մարմինները հայտարարել էին, որ Նիջարի սպանությունը և Պանունի վերացման փորձը կազմակերպվել են Հնդկաստանի իշխանությունների ներկայացուցիչների հանձնարարությամբ։
Փետրվարին Հնդկաստանի քաղաքացի Նիկհիլ Գուպտան Մանհեթենի դաշնային դատարանում ընդունել է իր մեղքը Պանունի սպանության նախապատրաստման գործով՝ համագործակցելով հնդկական հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Վիկաշ Յադավի հետ, որը մինչ օրս հետախուզման մեջ է։
Բացի Նիջարի սպանության գործով մեղադրանքներից, Լոուրենս Բիշնոյին, Սատինդերջիտ Սինգհ Բրարին և ևս յոթ մարդու մեղադրանքներ են առաջադրվել կազմակերպված հանցավոր համայնքին մասնակցելու, շորթման, թմրամիջոցների ապօրինի շրջանառության և մի շարք այլ հանցագործությունների համար։
Բացի դրանից, ԱՄՆ դաշնային դատախազությունը հայտարարել է երկու այլ գործերով մեղադրանքների առաջադրման մասին, որոնք կապված են հնդկական հանցավոր կազմակերպությունների՝ «Ջագու Բհագվանպուրիա» կազմակերպված հանցավոր խմբավորման և «Դհանդա» թմրավաճառ կազմակերպության գործունեության հետ։
Source: https://news.am/hy/news/1048480