ԱՄՆ Արդարադատության նախարարությունը չորեքշաբթի դատական հայցեր է ներկայացրել Կալիֆոռնիա և Վիրջինիա նահանգների իշխանությունների դեմ՝ հայտարարելով, որ այնտեղ գործող հրազենի որոշ տեսակների վաճառքի սահմանափակումները հակասահմանադրական են, հաղորդում է CBS News-ը։

Վիրջինիայում դաշնային գերատեսչությունը վիճարկում է ավտոմատ զենքի վաճառքն արգելող օրենքը։ Կալիֆոռնիայում հայցը կապված է վերջերս ուժի մեջ մտած հարվածա-ձգանային մեխանիզմով և ավտոմատ կրակ վարելու համար ձևափոխվելու հնարավորությամբ հրազենի որոշ տեսակների վաճառքը սահմանափակող օրենքի հետ:

ԱՄՆ գլխավոր դատախազի պաշտոնակատար Թոդ Բլանշը հայտարարել է, որ ԱՄՆ Սահմանադրությունը հանձնարարական չէ, և ընդգծել է, որ զենք կրելու իրավունքը պաշտպանված է Երկրորդ փոփոխությամբ։

Արդարադատության նախարարության տվյալներով՝ Վիրջինիայի օրենքը փաստացիորեն անօրինական է դարձնում երկրում լայնորեն տարածված AR-15 տիպի կիսաավտոմատ հրացանների առևտրային վաճառքը։ Գերատեսչությունը պնդում է, որ դա խախտում է քաղաքացիների՝ զենք ձեռք բերելու և վաճառելու սահմանադրական իրավունքները։

ԱՄՆ Արդարադատության նախարարությունը հայտարարել է, որ Կալիֆոռնիայի սահմանափակումները, ներառյալ ատրճանակների թույլատրված մոդելների այսպես կոչված գրանցամատյանը, անօրինական կերպով սահմանափակում են նաև օրինական զենքի հասանելիությունը։

Միաժամանակ, ԱՄՆ Գերագույն դատարանը հայտնել է, որ հաջորդ նստաշրջանում կդիտարկի այն հարցը, թե արդյոք Երկրորդ փոփոխությունը տարածվում է AR-15 տիպի հրացաններ տնօրինելու իրավունքի վրա։ Դատարանն արդեն վարույթ է ընդունել նաև այն գործերը, որոնք վիճարկում են նմանատիպ զենքի տեղական և տարածաշրջանային արգելքները։

Ավելի վաղ Գերագույն դատարանը չեղարկել էր զենքի կրումը հանրության համար բաց մասնավոր տարածքներում սահմանափակող Հավայան կղզիների օրենքը, ինչպես նաև աջակցել էր հայցվորին՝ թմրանյութ օգտագործող անձանց որոշակի կատեգորիաների համար զենք ունենալու դաշնային արգելքի դեմ գործով։

Source: https://news.am/hy/news/1047214