Ամերիկացի պաշտոնյան հերքել է Իսրայելի այն հայտարարությունը, ըստ որոնց ԱՄՆ-ն որսացել է իսրայելական տարածքի ուղղությամբ արձակված իրանական բալիստիկ հրթիռները։

Պաշտոնյան CNN հեռուստաալիքին հայտնել է, որ ամերիկյան զինվորականները անցած գիշեր արձակված իրանական հրթիռներից և ոչ մեկը չեն որսացել։ Դա վկայում է դիրքորոշման զգալի փոփոխության մասին՝ Իրանի հետ հակամարտության նախորդ փուլերի համեմատ, երբ ԱՄՆ-ն սեփական հակահրթիռների զգալի քանակություն էր ծախսում՝ Իսրայելի ուղղությամբ թռչող իրանական թիրախները խոցելու համար։

Այդ հերքումը հակասում է իսրայելական բանակի ներկայացուցչի երկուշաբթի արված ավելի վաղ հայտարարությանը, որում նշվում էր, թե ԱՄՆ-ն օգնություն է ցուցաբերել իսրայելական ՀՕՊ ուժերին՝ դրանց թվում որսալով իրանական հրթիռների մի մասը։

Աղբյուրը CNN-ին հայտնել է նաև, որ իսրայելական զինվորականներն ամբողջ գիշերվա ընթացքում համակարգել են իրենց գործողությունները ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) հետ։ Մասնավորապես, Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը երկու անգամ հեռախոսակապ է հաստատել CENTCOM-ի ղեկավար, ծովակալ Բրեդ Կուպերի հետ։

Source: https://news.am/hy/news/1042094