Ամերիկյան Տեխաս նահանգի հարավ-արևելքում մոտ երկու միլիոն մեղու տեղափոխող բեռնատար է շրջվել, ինչի հետևանքով մեղուները դուրս են եկել փեթակներից։ Տեղի բնակիչներին խնդրել են դուրս չգալ տներից։ Այս մասին հայտնում է CBS հեռուստաալիքի տեղական` KBTX մասնաճյուղը։

«Կիրակի օրը մոտ երկու միլիոն մեղու է ազատ արձակվել այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգների Տեխաս նահանգի հարավ-արևելյան գյուղական շրջաններից մեկում մեղվափեթակներով լի բեռնատար շրջվել է»,- ասված է հեռուստաալիքի կայքում հրապարակված հոդվածում։

Ինչպես նշում է KBTX-ը, տեղի մեղվաբույծները կամավոր օգնության են հասել արտակարգ ծառայություններին՝ դեպքի վայրն անվտանգ դարձնելու և փեթակների մնացորդները ճանապարհից հեռացնելու համար։ Օրանժ շրջանի բնակիչներին, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, հորդորում են առժամանակ մնալ տներում։

Տեղական KOGT ռադիոկայանի տվյալներով՝ բեռնատարի վարորդը շրջադարձի ժամանակ կորցրել է կառավարումը, ինչի հետևանքով մեքենան շրջվել է։ Նշվում է, որ վարորդը չի տուժել։

Source: https://news.am/hy/news/1045251