Ամերիկյան էներգահամակարգը հաջողությամբ դիմակայել է, թերևս, իր պատմության ամենալուրջ փորձությանը։ Առաջին անգամ ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի շաբաթական արտադրությունը գերազանցել է 100 միլիոն մեգավատտ-ժամի սահմանագիծը։
Այս պատմական սահմանագծին հասել են էքստրեմալ շոգի պատճառով, որն առաջացել էր այսպես կոչված «ջերմային գմբեթի» հետևանքով. այն պատել էր ավելի քան 200 միլիոն բնակչություն ունեցող տարածք, հաղորդում է Naked Science»-ը։
Ըստ Էդիսոնի էլեկտրական ինստիտուտի (EEI) հրապարակած տվյալների՝ 2026 թվականի հունիսի 28-ից հուլիսի 4-ն ընկած շաբաթվա ընթացքում ամերիկյան էներգահամակարգն արտադրել է ռեկորդային՝ 100 միլիոն մեգավատտ-ժամ էլեկտրաէներգիա։ Համեմատության համար՝ յոթ օրվա ընթացքում երկրի կոմունալ էներգետիկ ընկերությունները սպառողներին են մատակարարել էլեկտրաէներգիայի այնպիսի ծավալ, որը մոտ երկու անգամ գերազանցում է ամբողջ Նյու Յորքի տարեկան սպառումը։ Դրանով իսկ գերազանցվել է նախորդ ռեկորդը՝ 99,4 միլիոն մեգավատտ-ժամը, որը սահմանվել էր 2022 թվականի հուլիսին։ Բացի դրանից, շաբաթական արտադրությունը մոտ 22%-ով բարձր է եղել ԱՄՆ-ի համար սովորական միջին մակարդակից։
Պահանջարկի կտրուկ թռիչքի գլխավոր պատճառը եղանակն էր։ Ջերմային գմբեթն առաջանում է, երբ բարձր ճնշման հզոր տիրույթը գործում է կափարիչի պես՝ տաք օդը պահելով որոշակի տարածաշրջանի վրա և թույլ չտալով, որ այն ցրվի։ Արդյունքում ջերմաստիճանը երկար ժամանակ մնում է անոմալ բարձր։
Մինչ ամերիկացիները նշում էին Անկախության օրը՝ հուլիսի 4-ը, ընդարձակ ջերմային գմբեթը պատել էր երկրի կենտրոնական և արևելյան շրջանները։ Շատ վայրերում օդի ջերմաստիճանը գերազանցում էր 38°C-ը, իսկ զգացվող ջերմաստիճանը հասնում էր մոտավորապես 46°C-ի։ Միլիոնավոր օդորակիչներ աշխատում էին գրեթե առանց դադարի՝ հսկայական ծանրաբեռնվածություն ստեղծելով էլեկտրացանցերի համար։
Source: https://news.am/hy/news/1049772