2024 թվականին Ֆլորիդայի ափերի մոտ շնաձկան հարձակման հետևանքով տուժած 15-ամյա Լուլու Գրիբինը դարձել է դաշնային օրենքի նախաձեռնող, որը նախատեսում է լողափերում նմանատիպ միջադեպերի մասին հրատապ ծանուցումների ներդրում, հայտնում է Associated Press գործակալությունը։

Հարձակման ժամանակ Գրիբինը կորցրել էր ձախ դաստակը և աջ ոտքի մի մասը։ Նա ողջ է մնացել տարհանման և հիվանդանոցում բուժման շնորհիվ։ Ավելի ուշ պարզվել է, որ իր հետ պատահած միջադեպից մոտ 90 րոպե առաջ և դեպքի վայրից մի քանի մղոն հեռավորության վրա արդեն իսկ արձանագրվել էր շնաձկան մեկ այլ հարձակում, սակայն այդ մասին տեղեկատվությունը հասանելի չի եղել հանգստացողներին։

Պատահարից հետո Գրիբինը հայտարարել է, որ նախազգուշացման առկայության դեպքում ինքը ջուրը չէր մտնի։

Դաշնային օրենքը, որը ստացել է «Լուլուի օրենք» անվանումը, ստորագրել է նախագահ Դոնալդ Թրամփը։ Օրենքն ԱՄՆ Կապի դաշնային հանձնաժողովին (FCC) պարտավորեցնում է թույլատրել բջջային հեռախոսներին հրատապ հաղորդագրությունների ուղարկումը՝ տվյալ շրջանում շնաձկան հարձակման դեպքում։ Ծանուցումների մեխանիզմն իր տրամաբանությամբ հավասարեցվում է երեխաների առևանգումների ժամանակ օգտագործվող Amber Alert համակարգին։

Համակարգի գործնական կիրառումը կախված կլինի առանձին նահանգների իշխանություններից։

Օրենսդրական նախաձեռնությամբ հանդես է եկել Ալաբամայի հանրապետական սենատոր Քեթի Բրիթը։ Նրա խոսքով՝ նպատակն է ջրում կամ ափին գտնվող մարդկանց օպերատիվորեն տեղեկացնել հնարավոր վտանգի մասին։

Ըստ ծովային կենսաբանության մասնագետների տվյալների՝ շնաձկների հարձակումները շարունակում են հազվադեպ մնալ. աշխարհում տարեկան արձանագրվում է մոտ 60–80 չհրահրված կծվածք։ Փորձագետները նշում են նաև, որ կարճ ժամանակահատվածում նույն շրջանում մի քանի հարձակումների դեպքերը բացառություն են։

Source: https://news.am/hy/news/1047481