ԱՄՆ Միսուրի նահանգում տեղացած հորդառատ անձրևներից հետո մեկ մարդ դեռևս համարվում է անհետ կորած, հայտնել է Associated Press-ը։
Լայնածավալ հեղեղումների պատճառով փրկարարները ստիպված են եղել իրականացնել բազմաթիվ տարհանումներ, այդ թվում՝ ամառային ճամբարից դուրս բերել ավելի քան 200 երեխայի։
Ուրբաթ տեղացած հորդառատ անձրևները հանգեցրել են ջրի մակարդակի կտրուկ բարձրացման, ճանապարհների ողողման և վտանգավոր վարարումների նահանգի հարավարևելյան հատվածում։ Լեսթերվիլի մոտ գտնվող Camp Taum Sauk ճամբարում ջրի հոսքերը քշել-տարել են մուտքի ճանապարհները, ինչի հետևանքով երեխաներն ու աշխատակիցները կտրվել են արտաքին աշխարհից։ ԱՄՆ Ազգային գվարդիան նրանց Black Hawk ուղղաթիռներով տարհանել է մոտակա դպրոց, որտեղ նրանց հանձնել են ծնողներին։
Հանգստացողների ևս մեկ խումբ վտանգի մեջ է հայտնվել Բլեք Ռիվեր գետի մոտ գտնվող Bearcat Getaway քեմփինգի տարածքում. մի քանի մարդ ստիպված է եղել ապաստանել մի շենքի վրա, որը հետագայում փլուզվել է ջրի ազդեցությունից։ Փրկարարները նաև մարդկանց իջեցրել են ծառերից՝ գետի մակարդակի բարձրացումից հետո։
Քրոուֆորդ շրջանում շարունակվում են Ֆեյթ Գրեգորիի որոնումները, որի տունը քշել է ջրի հոսքը։ Նահանգի իշխանությունները հայտնել են, որ այլ զոհեր կամ ծանր տուժածներ առայժմ չեն գրանցվել։
Միսուրիի նահանգապետ Մայք Քիհոն արտակարգ դրություն է հայտարարել։ ԱՄՆ Ազգային օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ վտանգավոր եղանակը կարող է պահպանվել տարածաշրջանի մի քանի նահանգներում. օդերևութաբանները նախազգուշացնում են նոր ամպրոպների, ուժեղ քամու և հանկարծակի վարարումների վտանգի մասին։
Source: https://news.am/hy/news/1049317