ԱՄՆ սենատորները երեքշաբթի ներկայացրել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մասին օրինագծի թարմացված տարբերակը, որի նախաձեռնողը հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեմն էր։ Այդ տարբերակը մեղմացնում է Չինաստանի, Հնդկաստանի և ռուսական նավթի ու գազի այլ ներկրողների նկատմամբ մաքսատուրքերի կիրառման սպառնալիքը, որն առկա էր նախնական առաջարկում, հայտնում է Reuters-ը։
Թե՛ Հանրապետական, թե՛ Դեմոկրատական կուսակցությունների սենատորների աջակցություն վայելող օրինագիծն ուղղված է ռուսաստանցի պաշտոնյաների դեմ պատժամիջոցների սահմանմանը և մաքսատուրքերի կիրառմանը՝ Չինաստանի ու Հնդկաստանի վրա ճնշում գործադրելու նպատակով, որպեսզի վերջիններս նվազեցնեն իրենց կախվածությունը Ռուսաստանից՝ որպես էներգակիրների մատակարարի։
Գրեմը, որը հանկարծամահ է եղել շաբաթ օրը, դրանից ընդամենը մեկ օր առաջ Ուկրաինա կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ համաձայնության է եկել Դոնալդ Թրամփի հետ՝ օրինագծի առաջ մղման հարցում, որի ներկայացումից անցել է ավելի քան մեկ տարի։
Սենատորների օգնականները հայտնել են, որ օրինագծին աջակցել է 26 մարդ, և ակնկալում են, որ առաջիկա ժամերի ընթացքում այդ թիվը կավելանա՝ լավատեսություն հայտնելով դրա ընդունման հնարավորությունների վերաբերյալ։ «Մենք բավականին վստահ ենք դրա հաջողության հարցում»,- ասել է օգնականներից մեկը։
Օրինագծում փոփոխություններ են կատարվել՝ նախնական տարբերակի համեմատ, որը 2025 թվականի ապրիլին ներկայացրել էին Հարավային Կարոլինայից հանրապետական Լինդսի Գրեմը և Կոնեկտիկուտից դեմոկրատ Ռիչարդ Բլյումենթալը։
Օրինագծի նոր տարբերակը նվազեցնում է այն մաքսատուրքերը, որոնք կարող էին սահմանվել ռուսական նավթի և բնական գազի երրորդ կողմ հանդիսացող գնորդների համար՝ հասցնելով դրանք առավելագույնը 100%-ի՝ խոշորագույն հինգ գնորդների համար, նախկին առաջարկի փոխարեն, որը նախատեսում էր համատարած 500% տուրք։
Նախատեսված է նաև բացառություն այն երկրների համար, որոնք ներկրում են ռուսական բնական գազի արտահանման ծավալների 15%-ից պակասը և զգալի քայլեր են ձեռնարկում այդ ներկրումը կրճատելու ուղղությամբ, ինչը կարող է օրենքի ազդեցությունից ազատել Ճապոնիային, Ֆրանսիային, Հունգարիային և Բելգիային։
Ըստ օգնականների՝ ռուսական հում նավթի հինգ խոշորագույն գնորդներն են Չինաստանը, Հնդկաստանը, Սլովակիան, Հունգարիան և Ադրբեջանը, իսկ ռուսական բնական գազի խոշորագույն ներկրողները՝ Չինաստանը, Ֆրանսիան, Ճապոնիան, Հունգարիան և Բելգիան։
Այս միջոցը պատժամիջոցներ է սահմանում նաև ռուսական լցանավերի «ստվերային նավատորմի» դեմ, որը կախված չէ արևմտյան ծովային փոխադրումներից, ռուսական ֆինանսական հաստատությունների, դրանց թվում՝ Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական բանկի, և Ռուսաստանի պետական խոշորագույն էներգետիկ նախագծերի դեմ, ներառյալ՝ «Յամալ» հեղուկացված բնական գազը և «Արկտիկ հեղուկացված բնական գազ 1, 2 և 3»-ը։
Բացի դրանից, նոր տարբերակը ներառում է դրույթ, որը Թրամփին հնարավորություն է տալիս չեղարկել պատժամիջոցները, եթե նա համարի, որ դա բխում է ԱՄՆ ազգային շահերից։
Պատասխանելով նախնական օրինագծի որոշ դրույթների մեղմացման մասին հարցին՝ սենատորի օգնականներից մեկը նշել է, որ Թրամփի հետ բանակցությունները տևել են մի քանի ամիս։
«Սա միակ օրինագիծն է, որն այս պահին համընդհանուր աջակցություն է վայելում, և հավանաբար միակն է, որն առաջ կշարժվի ու ճնշում կգործադրի Ռուսաստանի վրա այնպես, ինչպես մենք բոլորս կցանկանայինք»,- ասել է օգնականը։ Նա խոսել է անանունության պայմանով, քանի որ օրինագծի քննարկումները գաղտնի բնույթ են կրել։
Ավելի վաղ՝ երեքշաբթի, Թրամփը Սպիտակ տանը լրագրողներին հայտնել էր, որ օրինագծում կարող են ներառվել նաև պատժամիջոցներ Իրանի և «Հըզբոլլահի» դեմ՝ նշելով, որ այդ միջոցների ավելացումը «շատ կարևոր իրադարձություն կլինի»։
Source: https://news.am/hy/news/1049865