ԱՄՆ-ի կողմից նոր մաքսատուրքերի սահմանմանն ընդառաջ՝ ծովային բեռնափոխադրումների համաշխարհային արժեքը հասել է վերջին երկու տարվա ընթացքում ռեկորդային մակարդակին։ Այս մասին հայտնում է The Financial Times (FT) թերթը՝ հղում անելով փորձագետներին։
Freightos նավագնացային թվային հարթակի տեղեկացմամբ՝ Ասիայի և ԱՄՆ արևելյան ափի, ինչպես նաև Ասիայի և Եվրոպայի միջև երթուղիների սակագները անցյալ շաբաթ հասել են 2024 թվականի ամառվանից ի վեր ամենաբարձր կետին։
Ըստ հարթակի տվյալների՝ Չինաստան - ԱՄՆ արևելյան ափ երթուղով ստանդարտ 40 ֆուտանոց կոնտեյների (12,9 մետր երկարությամբ, 2,44 մ լայնությամբ և 2,59 մ բարձրությամբ) տեղափոխման արժեքը կտրուկ աճել է՝ հասնելով 7 880 դոլարի, ինչը 62%-ով ավելի է, քան մեկ ամիս առաջ։ Իսկ Չինաստանի և Միջերկրական ծովի միջև նման բեռնափոխադրումների արժեքն աճել է 47%-ով՝ կազմելով 6 431 դոլար։
«Մաքսատուրքերի և նավային վառելիքի արժեքի հետ կապված անորոշությունը հանգեցրել է ապրանքների արագացված բեռնմանը, հատկապես դեպի ԱՄՆ, ինչն էլ կտրուկ բարձրացրել է ֆրախտի դրույքաչափերը»,— նշված է նավատերերի խոշորագույն BIMCO ասոցիացիայի հայտարարության մեջ։ Freightos-ի ներկայացուցիչ Ջուդա Լևինի խոսքով՝ հաճախորդներն ու բեռնափոխադրող ընկերությունները մատակարարումները տեղափոխում են ավելի վաղ ժամկետներ, որպեսզի խուսափեն ամռանը սպասվող հնարավոր խափանումներից, ինչպես նաև Մերձավոր Արևելքի ճգնաժամի հետևանքով վառելիքի գների աճից։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ԱՄՆ-ը մտադիր է հուլիսին 10% կամ 12,5% չափով նոր մաքսատուրքեր սահմանել շուրջ 60 պետությունների արտադրանքի նկատմամբ։ Նման որոշում է կայացվել դեռևս մարտին սկսված քննության արդյունքներով, որը վերաբերում էր այդ երկրներում գործող այն նորմերին, որոնք առնչվում են հարկադիր աշխատանքի կիրառմամբ արտադրված ապրանքների ներմուծմանը։
Քննությունը նախաձեռնվել էր 1974 թվականի «Առևտրի մասին օրենքի» 301-րդ հոդվածի հիման վրա։ Այն ԱՄՆ նախագահին լիազորում է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ այլ երկրների կողմից ազգային առևտրի նկատմամբ կիրառվող սահմանափակումներին հակազդելու համար, քանի որ դրանք, ամերիկյան կողմի կարծիքով, առկա են տվյալ պահին։
Source: https://news.am/hy/news/1046577