ԱՄՆ միջուկային տրիադայի երբեմնի ամենահզոր բաղադրիչը՝ Trident II ատոմային սուզանավերի միջմայրցամաքային բալիստիկ հրթիռները, վաղուց հնացել է և ավելի քան երեք տասնամյակ ծառայությունից հետո արդիականացման կարիք ունի։

Ըստ ԱՄՆ ռազմածովային ուժերի PAE SSP գնումների ծրագրի՝ արդիականացման կենթարկվեն Trident II D5 Life Extension 2 (D5LE2) ատոմային սուզանավերի հրթիռները և W93/Mk7 մարտագլխիկները։ Ծրագիրն իրականացվում է հնացած «Օհայո» տեսակի սուզանավերը նոր՝ «Կոլումբիա» տեսակի սուզանավերով փոխարինելուն զուգընթաց։

Չնայած D5LE-ի արդիականացմանը, որը երկարաձգեց դրա ծառայության ժամկետը մինչև 2040-ական թվականները, ԱՄՆ ռազմածովային ուժերի ներկայացուցիչները հայտարարում են, որ արդիականացումներն արդեն ակնհայտորեն բավարար չեն, և «Կոլումբիա» տեսակի սուզանավերի համար կպահանջվի նոր D5LE2 հրթիռ, որում ուժային ագրեգատները կհամադրվեն արդիականացված ավիոնիկայի, ուղղորդման համակարգերի և նոր համակարգային ճարտարապետության հետ։ Անցյալ տարի ծրագիրը թևակոխել է արտադրական փուլ, որը նախատեսված է մինչև 2039 թվականը։

Միաժամանակ հրթիռների համար ստեղծվում են նոր՝ W93/Mk7 միջուկային մարտագլխիկներ, որոնք կտեղադրվեն նաև բրիտանական «Դրեդնոուտ» տեսակի ատոմային սուզանավերի հրթիռների վրա։ Ռազմածովային ուժերի վերազինումը կդառնա ԱՄՆ ամբողջ միջուկային տրիադայի արդիականացման մի մասը։

Զուգահեռաբար նոր ինժեներական կառույցներ են կառուցվում Ֆլորիդայում, Ջորջիայում և Վաշինգտոնում, ինչպես նաև մշակվում են ռազմավարական զենքի նոր համակարգեր՝ Conventional Prompt Strike հիպերձայնային հրթիռը և ծովային բազավորման SLCM-N միջուկային թևավոր հրթիռը։

Source: https://news.am/hy/news/1048173