Ամերիկյան երկու խոշոր դեսանտային նավ՝ USS Boxer-ը և USS Portland-ը, որոնց վրա գտնվում է ծովային հետևակի 11-րդ էքսպեդիցիոն գումարտակը, ժամանել են Մերձավոր Արևելքի շրջան, հայտնել է ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM):
Նրա տվյալներով՝ ներկայումս նավերը գտնվում են Հնդկական օվկիանոսում։ Այս ամֆիբիա-դեսանտային խմբի ևս մեկ խոշոր դեսանտային նավ՝ USS Comstock-ը, արդեն մայիսի սկզբից գտնվում է CENTCOM-ի պատասխանատվության գոտում։
Ժամանած դեսանտային նավերի և ծովային հետևակայինների առջև դրված նպատակների ու խնդիրների մասին հրամանատարությունը չի հայտնում։ Միայն նշվում է, որ դրանք «գործում են Մերձավոր Արևելքում պլանային առաքելության շրջանակում»։
CENTCOM-ն իր տրամադրության տակ արդեն ունի մեկ ամֆիբիա-դեսանտային խումբ՝ USS Tripoli, USS San Diego և USS New Orleans խոշոր դեսանտային նավերի կազմով, որոնք Արաբական ծովում տեղակայվել էին մարտի վերջին՝ Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողությունների ընթացքում։ Դրանց վրա տեղակայված են ծովային հետևակի 31-րդ էքսպեդիցիոն գումարտակը՝ մոտ 2,5 հազար զինծառայողով, ինչպես նաև հինգերորդ սերնդի 20 F-35B ստելս-կործանիչ, MV-22 Osprey կոնվերտոպլաններ, հարվածային և տրանսպորտային ուղղաթիռներ ու դեսանտային կատերներ։
Հրադադարից հետո՝ ապրիլի 13-ից սկսած, նավերը ներգրավվել են Իրանի հետ կապված առևտրային նավերի շրջափակման գործողությանը, որոնք դուրս են գալիս իրանական նավահանգիստներից կամ ուղևորվում են այնտեղ։
ԱՄՆ Ռազմածովային ինստիտուտի տեղեկատվական ծառայության տվյալներով՝ ներկայումս ԱՄՆ ռազմածովային ուժերն Արաբական ծովում՝ Իրանից հարավ-արևելք, ունեն երկու ավիակիր, մեկ հածանավ, 13 հրթիռային ականակիր և չորս խոշոր դեսանտային նավ։ Բացի այդ, Կարմիր ծովում մարտական հերթապահության մեջ են գտնվում ևս երկու հրթիռային ականակիր, որոնք օպերատիվ առումով ենթարկվում են CENTCOM-ի հրամանատարությանը։
Source: https://news.am/hy/news/1046990